Բաքվից 8 հայ գերիներին տեղափոխող օդանավը Երևանում վայրէջք կատարեց կեսօրն անց: Ինքնաթիռը դիմավորեցին Հայաստանում Ֆրանսիայի և Եվրամիության դեսպանները, Հայաստանի փոխարտգործնախարարը, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
Գերեվարված 8 պայմանագրային և ժամկետային զինծառայողները հայրենիք վերադարձան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Նրանց մասնակցությամբ փետրվարի 4-ին կայացել էր Փաշինյան-Ալիև հեռավար հանդիպումը:
Հայաստան վերադարձից ժամեր առաջ Բաքվում հայ զինծառայողներին հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, գնահատել նրանց վիճակը:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Գործընթացից տեղյակ ենք եղել, թեև ներգրավված չենք եղել դրա շուրջ բանակցություններում: Տեսակցել ենք, ծանոթացել պայմաններին, առողջական վիճակին:
Վերադարձած 8 տղաներից 5-ը գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ Իշխանասարի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի, 3-ը՝ 2020-ի դեկտեմբերին՝ Հադրութի Խծաբերդ գյուղի տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով: Օդանավակայանից տղաներն անմիջապես տեղափոխվել են հոսպիտալ՝ բուժզննման նպատակով:
Ռաֆայել Վարդանյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ) - Անցել են լիարժեք բուժզննում, բժշկական հետազոտություններ, այս պահին նրանց առողջական վիճակը հնարավորություն է տալիս նրանց մասնակցությամբ իրականացնել քննչական, դատավարական գործողություններ, ինչը կիրականացվի՝ բուժզննումն ամբողջությամբ ավարտելուց հետո:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ավելի վաղ այս անձանց նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմումներ էր ներկայացրել Եվրադատարան:
Լիպարիտ Դրմեյան (Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) - Դատարանը բավարարել է մեր միջնորդությունը և կիրառել էր միջանկյալ միջոց: Ադրբեջանը թույլ էր տվել դատարանի որոշման խախտում, սահմանված ժամկետում պետք է ներկայացնել, խուսանավել էր: Դատարանը նոր ժամկետ էր նշանակել, կցկտուր տեղեկություն տրամադրեց, մինչ այդ խմբի որոշ անդամներ վերադարձան Հայաստան:
Գերիներին տեղափոխող օդանավը վերջին անգամ Երևանում վայրէջք էր կատարել 2021-ի դեկտեմբերի 29-ին՝ Հունգարիայի միջնորդությամբ հայրենիք բերելով 5 զինծառայողի: Վերադարձած ու Բաքվում պահվող գրեթե բոլոր անձանց նկատմամբ Ադրբեջանը հարուցել է ապօրինի քրեական գործեր, կայացրել դատավճիռներ: 8 տղաների վերադարձից հետո Ադրբեջանում պահվում է 38 անձ, որը միջազգային կառույցներին, ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի տրամադրած թիվն է:
Լիպարիտ Դրմեյան - Նախկինում ուղարկած դիմումների շրջանակում ունենք մոտ 30 շատ կոնկրետ դեպք, որտեղ անձինք երևում էին տեսաձայնագրություններում, դա մեզ թույլ էր տալիս պնդել, որ ինչ-որ ժամանակ անձը գտնվել է Ադրբեջանի ԶՈՒ-ի հսկողության տակ: Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տրամադրում:
Ադրբեջանում գտնվող հաստատված 38 անձից 3-ը գերեվարվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, 1-ը՝ նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների, 2-ը՝ մայիսին Գեղարքունիքի սահմանային հատվածում, 2-ը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, 30-ն էլ գերեվարվել են Խծաբերդի դեպքերի հետևանքով: Քննչական կոմիտեի վերջին տվյալով՝ 196 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է. ոմանց մասին կան տվյալներ, որ, հավանաբար, գերության մեջ են: Մինչ օրս Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել գերեվարված 150 անձի: