Վերամշակող ընկերությունների հզորությունների ավելացմանը նպաստող ցածր տոկոսով վարկավորման պետական ծրագրերն այս տարի ևս կշարունակվեն: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ լիզինգի տարբերակով՝ սարքավորումները գրավ դնելով, վերամշակողները կարողանում են ավելացնել ձեռնարկությունների հզորությունները:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Եթե 2020 թվականին մեր պորտֆելն աճել էր լիզինգի 8.8 մլրդ դրամ, ապա 2021 թվականին մենք նույնպես ունենք այս պորտֆելի աճ, և տրամադրվել է շուրջ 13.5 մլրդ դրամի ընդհանուր ծավալով լիզինգ:
Պետական աջակցության շնորհիվ հնարավոր է եղել գյուտեխնիկայի պարկը և սարքավորումները համալրել 1300 նոր տեխնիկայով: Այս տարի վարկով գյուղտեխնիկա և ագրովերամշակման սարքավորումներ ձեռք բերողները կվճարեն վարկի ընդամենը 2 տոկոսը, մնացածը կսուբսիդավորի Կառավարությունը, իսկ սահմանամերձներին վարկը կտրամադրվի անտոկոս:
Արման Խոջոյան - Կառավարությունը գյուղտեխնիկայի ծրագրում շուրջ 12 տոկոս սուբսիդավորելու է, և արդեն ֆերմերներին գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լայն հասանելի կլինի 2 տոկոս տոկոսադրույքով:
Հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների սեզոնայնությունը՝ վարկի մարումը կլինի արտոնյալ, յուրաքանչյուր տարի հնարավոր կլինի կիրառել 6-ամսյա դադար: Գյուղատնտեսական պահեստ, սառնարանային տնտեսություն, լոգիստիկ կենտրոն կառուցողների համար ևս Կառավարությունը վարկի սուբսիդավորման ծրագիր ունի:
Արման Խոջոյան - Հասանելի կլինի 2 տոկոս վարկով, և քանի որ այստեղ մենք գործ ունենք բիզնեսների հետ, արդեն վարկի հասանելիության շեմը սահմանված է 12 տոկոս, և Կառավարությունը կսուբսիդավորի 10 տոկոսը:
Նախորդ տարի գյուղմթերքի արտահանման աճը կազմել է 25 տոկոս: Սա նշանակում է, որ գյուղոլորտին պետական աջակցությունն անարդյունք չի եղել՝ ասում է էկոնոմիկայի նախարարի տեղակալը: Առանց խաղողի, վերամշակվել է մոտ 78 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:
Ըստ էկոնոմիկայի նախարարության իրականացրած գնահատման՝ այս տարի այդ թիվը կհասնի 120 հազար տոննայի, որից 88 հազարը բանջարեղենի պահանջարկն է:
Անցած տարի ընդհանուր առմամբ հաստատվել էր 73 մլրդ դրամի 30 հազար գյուղատնտեսական վարկ: Այս տարի ևս ծրագիրը կշարունակվի, վարկը հասանելի կլինի 5 տոկոսով, 3 տարի մարման ու 6 ամիս արտոնյալ ժամկետի պայմանով: