Սուրբ Սարգսին՝ սիրո խոստովանություն՝ գիրք նվիրելու միջոցով: «Իմ գաղտնի գրքաՍԵՐ» տոնակատարությունը բարի ավանդույթի է վերածվել: Գրքասիրությունը խթանելու և գրքի նկատմամբ մշակույթ ձևավորելու համար է Հայաստանի ամենատարեց գրախանութը 6 տարի անընդմեջ անցկացնում այս միջոցառումը:
Խաչիկ Վարդանյան (ընկերության հիմնադիր նախագահ) - Մենք հիմա, փառք Աստծո, բազմաթիվ լավ գրքեր ունենք, շատ լավ գրականություն, և երբեք հայ գրքասերն այսքան լավ ընտրանի չի ունեցել, ընտրություն չի ունեցել գրախանութ մտնելիս: Մեր նպատակը մարդկանց գրքին մոտեցնելն է, ընթերցանությունը զարգացնելը, գիրք ասելով՝ մենք նկատի ունենք գիտելիք:
Եթե որոշել եք սիրո տոնին յուրահատուկ նվեր անել, գիրքը կարող է լավագույն տարբերակը լինել: Ընկերության գրախանութների ցանցում նվեր գրքերը մինչև փետրվարի 11-ը վաճառվելու են 20 տոկոս զեղչով: Աշխատակիցները կփաթեթավորեն, տվյալները կլրացնեն, կզանգեն ու հասցեատիրոջը կհրավիրեն գրախանութ: Իսկ նվիրողը ցանկության դեպքում կարող է գաղտնի մնալ: Կազմակերպիչները փաստում են, որ նախորդ տարիների համեմատ մոտ 10 անգամ ավելացել է գիրք նվիրողների թիվը:
Արաքսյա Մովսիսյան (գրքի խորհրդատու) - Մեծ մասամբ գալիս են չկողմնորոշված ու խորհուրդ են հարցնում, հիմնականում սիրահարված տղաները, ասենք՝ 20-30 տարիքային սահմանում խորհուրդ են հարցնում և ռոմանտիկա են ուզում հեփիընդով: Մենք որ խորհուրդ ենք տալիս, հարցնում ենք տարիքը, մասնագիտությունը, և, պատկերացրեք՝ կան, որ ռոմանտիկա չեն ուզում, ասում են՝ ինքը շատ կարդացած ա, էրուդիտ ա, տվեք լուրջ գիրք:
Սիրո տոնին նվիրված գրքոտ միջոցառմանը նաև զավեշտալի դեպքեր են պատահում: Մեկը ուրախանում է, մյուսը՝ տխրում, բայց ոչ թե որ նվերը գիրք է, այլ այն, որ նվեր արած տղան սրտով չէ: Մեկ այլ դեպքում՝ իրար նվիրած գրքերը, օրինակ՝ դարձել են ընտանիք կազմելու առիթ: Խաչիկ Վարդանյանը պատմում է, որ տարիներ առաջ զույգերից մեկը հարսանիքի օրը հասել է Մաշտոցի մասնաճյուղ ու խնդրել՝ իրենց միավորող գրքերով նկարվել գրախանութում, առիթն էլ բաց չեն թողել՝ նորից սեր խոստովանել: Եղել են նաև այսպիսի դեպքեր:
Խաչիկ Վարդանյան - Էսպիսի անակնկալ եղավ. տղան նվիրել էր աղջկան, ընկերուհուն, հետո այդ ընթացքում նրանք գժտվել էին, վիճել էին իրար հետ, և աղջիկը չէր ցանկացել այդ նվերը ստանալ: Այդ գիրքը մնաց մեր մոտ մինչև անցյալ տարի, հետագայում նրանք հաշտվել են և եկել նվերը ստացել:
Անակնկալներ կան նաև նվիրողների համար: Ընկերությունը վիճակահանությամբ 30 գիրք էլ կնվիրի ծրագրի մասնակիցներին: Միջոցառման շրջանակում գրքեր կարող են նվիրել նաև բանակում ծառայող ծանոթ և անծանոթ զինվորներին, սպայակազմին: Պաշտպանության նախարարությունն էլ գրքերը կհասցնի հասցեատերերին: