Որակյալ երաժշտության պահապան, Ուսուցիչ, Մաեստրո՝ այսպես էին բնորոշում կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին։ Նրա երգերում Հայրենիքի հանդեպ սերն է, նվիրվածությունը։ Հայաստանի ժողովրդական արտիստը չէր սիրում փառքը, երբ փողոցում իրեն մատով էին ցույց տալիս։
Երաժիշտն իր առաջին ստեղծագործությունը՝ «Անձրևիկը», գրեց 6 տարեկանում: 17-ում արդեն հեղինակեց «Կորցրած մեղեդին» մյուզիքլը։ Այդ ժամանակ հասկացավ, թե որն է իր առաքելությունը:
Արթուր Գրիգորյան (ՀՀ ժողովրդական արտիստ) - Ես միշտ աշխատել եմ, սիրել եմ աշխատանքը։ Եթե գրվում էր, ուրեմն՝ գրվում էր։ Ես հատուկ չեմ գնում դաշնամուրի մոտ, որ ապացուցեմ, որ գրել գիտեմ։ Դա ինձ համար ծիծաղելի է։ Ես գնում եմ, երբ որ հասկանում եմ, որ պետք է գնամ դաշնամուրի մոտ։
Գրիգորյանի կյանքում Արցախը մեծ դեր ուներ։ Երաժիշտը մեծացել էր Ստեփանակերտում։ Արցախյան առաջին պատերազմի օրերին իր ներկայությամբ ու երգերով բարձր է պահել ազատամարտիկների մարտական ոգին:
Արթուր Գրիգորյան - Ամեն առավոտ զարթնելուց միայն դա եմ ուզում, որ պատերազմը չլինի։ Որ ես 20 տարեկան երեխա չկորցնեմ այնտեղ։ Մնացածը իմ կյանքում այնքան լավ է։ Ես չեմ սիրում փող, ես շատ քիչ եմ ձեռ տալիս փողին։ Փողը հոտ ունի, ես այդ հոտը չեմ տանում։
Արթուր Գրիգորյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի», Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Արթուր Գրիգորյան - Եթե կարող ես, ուրեմն՝ պետք է անես, եթե չէ՝ գնա՛ մի կողմ, մի՛ խանգարիր մյուսին, որ կարող է գործը քեզնից լավ անել։
Նա կարողանում էր ձևավորել երաժշտական ճաշակ ու որակ։ Հայ ժամանակակից շատ երգիչներ հենց նրա հիմնադրած Երգի պետական թատրոնում են արել իրենց առաջին քայլերը։
Արթուր Գրիգորյանը մահացավ փետրվարի 4-ին՝ 63 տարեկանում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր Մաեստրոյի հոգեհանգստյան արարողությունն է, ներկա են պաշտոնյաներ, կոմպոզիտորի հարազատները, արվեստի երկրպագուները։ Երգիչը կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում:
Հեղինակ՝ Անի Ավագյան