ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ. ՎԱՐՀԵԼԻ
Պատրաստ ենք աջակցելու հայկական և ադրբեջանական կողմերի միջև լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերին: Այդ մասին հայտարարել է Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին՝ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնի հետ նախօրեին Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
«Պատրաստ ենք տրամադրելու տեխնիկական աջակցություն սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ներդրում ունենալ ականազերծման գործում․ մենք կշարունակենք ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ հարցում»,- նշել է Վարհելին։
«Հարավային գազային միջանցքի» խորհրդի 8-րդ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսին Վարհելին նշել է, որ «Հարավային գազային միջանցքը» կարևոր նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար։ Հանձնակատարը հույս է հայտնել, որ Ադրբեջանից էներգակիրների մատակարարումները կավելանան ոչ միայն դեպի Եվրոպա, այլև դեպի Արևմտյան Բալկաններ։
Վարհելին հայտնել է նաև, որ Եվրոպան կարող է միջազգային ֆինանսական գործընկերների, Եվրոպական ներդրումային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ առնվազն 2 մլրդ եվրո ներդրում կատարել Ադրբեջանում։
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԳԵՐԻՆԵՐԻՆ
Ջարդերի դատապարտումն այսօր թույլ կտա կանխարգելել ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիան հայերի դեմ՝ հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթին։
Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցին նվիրված իր ելույթում նա վերահաստատել է արցախյան հակամարտության տևական, խաղաղ ու ժողովրդավար լուծմանը հասնելու ԱՄՆ հանձնառությունը:
«2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռմբակոծեց Արցախի Հանրապետությունը՝ թիրախավորելով հայկական դպրոցներն ու կրոնական սրբավայրերը, սպանելով անմեղ քաղաքացիների: Մեկ տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին՝ չնայած եռակողմ հայտարարության ստորագրմանը»։
Եզրափակելով ելույթը՝ կոնգրեսականը շեշտել է մարդկության դեմ հանցագործությունները հիշելու կարևորությունը: Նա հորդորել է Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել՝ հետագայում նման աղետներից խուսափելու համար։
«Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց»,- ընդգծել է նա:
ԻՐԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ԱՄՆ-Ը ԿՉԵՂԱՐԿԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Թեհրանն ակնկալում է, որ Վաշինգտոնը կչեղարկի բոլոր պատժամիջոցները: ԱՄՆ կողմից խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործմանը վերաբերող սահմանափակումներից արված բացառությունների վերականգնումը բավարար չէ։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Մենք տեղեկացել ենք միջուկային հարցում սահմանափակումների մասնակի վերացման մասին, սակայն բոլորը հասկանում են՝ դա բավարար չէ։ ԱՄՆ-ն պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները»,- ընդգծել է նա։
Նախօրեին ԱՄՆ պետքարուղարությունը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել նախկինում գործող բացառությունները, որոնք Իրանին թույլ էին տալիս ստանալ այլ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի աջակցությունը խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հարցում։
«Սա չի նշանակում, որ կողմերը մոտ են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում պարտավորությունների լիարժեք կատարմանը վերադառնալու հարցում փոխըմբռնման հասնելուն։ Սա զիջում չէ Իրանին»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը։
Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն էլ հայտարարել է, որ այսպես կոչված «միջուկային բացառությունները» վերականգնելու մասին ԱՄՆ-ի որոշումը կարելի է գնահատել որպես Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների՝ եզրափակիչ փուլ մտնելու ազդանշան:
ԿԱՆԱԴԱՆ ՈՒԿՐԱԻՆԱ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԽՄԲԱՔԱՆԱԿ
Կանադան Ուկրաինա է ուղարկել ոչ մահաբեր սպառազինության նոր խմբաքանակ և համապատասխան մասնագետների։
Կանադայի ՊՆ-ից տեղեկացրել են նաև, որ Ուկրաինային են տրամադրվելու նաև անհատական պաշտպանության միջոցներ, հետախուզական սարքավորումներ և տեսահսկման միջոցներ։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԻԵՎԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉԱՓԱՎՈՐԵԼ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Միաժամանակ Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Շթրաք-Ցիմերմանը Կիևի իշխանություններին կոչ է արել ավելի չափավոր հռետորաբանություն ցուցաբերել, երբ խոսքը վերաբերում է Գերմանիայից զենքի մատակարարումներին:
«Չեմ հասկանում ուկրաինական կողմի բանավոր հարձակումները մեր դեմ։ Գերմանիայի կառավարությունը բազմիցս մերժել է զենք մատակարարելու Ուկրաինայի պահանջները»,- նշել է նա։