Գազաբալոն տեղադրող ու բալոնների լաբորատոր ճնշափորձարկում անցկացնող ընկերություններին լիցենզիաների տրամադրման գործընթացը վերջին փուլում է: Փորձաքննության համար լիցենզիա ունենալը նորություն չէր, բայց նախորդ տարվա օրենսդրական փոփոխությունները պարտադիր դարձրին նաև տեղադրման լիցենզավորումը: Արդեն հայտ ներկայացրած տնտեսվարողներ կան:
Խաչիկ Սողոմոնյան (ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ) - Այս պահին ունենք 5 հայտ, որոնք քննարկման փուլում են: 2-ը ներկայացրել են 2 գործողությունների համար, դրանցից 2-ը պատրաստ են արդեն, շուտով կունենանք գործող լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտներ:
Առանց լիցենզիայի բալոն տեղադրող ու փորձարկող ընկերությունները մոտ մեկ ամսից չեն կարողանա շարունակել իրենց գործունեությունը: Լիցենզիա ստանալու համար տարածքը պետք է համապատասխանի սահմանված ստանդարտներին: Ընկերությունները պետք է ունենան գազաբալոն տեղադրելու համար նախատեսված սարքավորումներ: Այժմ ադապտացիոն շրջանն է, ու նախարարությունն ակնկալում է առաջարկներ լսել նաև տնտեսվարողներից:
Արտակ Գևորգյանն այս ոլորտում մոտ 20 տարի է աշխատում: Սկսել են բալոններ տեղադրելուց, ապա ընդլայնել գործունեությունն ու նաև ճնշափորձարկումներ սկսել: Երևանի և Գյումրիի իրենց մասնաճյուղերի համար արդեն 4 հայտ են ներկայացրել, սպասում են հաստատմանը: Գևորգյանի խոսքով՝ կողմ են փոփոխություններին, կարծում են՝ միայն այսպես է հնարավոր նվազեցնել դժբախտ պատահարները:
Արտակ Գևորգյան (ընկերության բիզնես զարգացման պատասխանատու) - Այսօր ոչ մի ռիսկ չի չեզոքացվում սպառողի տեսանկյունից: Երկու ամենամեծ ռիսկերը՝ պայթյունավտանգության և հրդեհավտանգության հետ կապված, համարյա թե չեն փակվում: Մեր ուսումնասիրությունների արդյունքում հիմա մոտ 40000 խոտանված գազաբալոն է շահագործվում շուկայում, ինձ թվում է՝ օրենքի կիրառումից հետո աստիճանաբար դուրս են գալու:
Վարորդներն այսուհետև պետք է պարտադիր՝ 2-3 տարին մեկ, կախված բալոնի տեսակից, ճնշափորձարկում անցնեն, վկայագիր ստանան, հակառակ դեպքում լցակայաններում չեն սպասարկվի: Իսկ եթե բալոնը չհաղթահարի փորձարկումը, անհրաժեշտ է նորը գնել:
Խաչիկ Սողոմոնյան - Լավ կլիներ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում բոլորը փորձեին այդ գործընթացով անցնել:
Վերահսկողությունն իրականացնելու են միասնական համակարգի միջոցով, որը մի քանի ամսից պատրաստ կլինի, մինչ այդ գործընթացը կվերահսկեն տեսչական մարմնի աշխատակիցները: Բալոնի տեղադրումից կամ փորձարկումից հետո մեքենայի տվյալները կներառվեն էլեկտրոնային ընդհանուր հարթակում:
Պարտավորություն կա նաև լցակայանների համար, նրանց թույլատրվում է լիցքավորել միայն այն մեքենաները, որոնք ունեն փորձարկման վկայագիր: Հակառակ դեպքում լցակայանը կենթարկվի վարչական պատասխանատվության: Թեև գազաբալոնի փորձարկումը վճարովի է, տեղադրող ընկերությունը հաշվարկել է՝ վարորդներն արդյունքում չեն տուժի:
Արտակ Գևորգյան - Անվտանգությունը 9 հազար դրամի հետ փոխարինելի չէ, իսկ վերադարձվելիության հետ կապված՝ էսպիսի ստատիստիկա ունենք: Երբ գազաբալոնը փորձարկվում է, դա իրենից ենթադրում է նաև լվացում, մաքրում, յուղերի հեռացում, ինքը մեքենան ավելի շատ է վարում: Եթե նախկինում 1 լիցքավորման դեպքում վարում է 100 կմ, հիմա վարելու է մոտ 20 տոկոս ավել՝ 120 կմ:
Ծախսած գումարը վարորդները մոտ 6 ամսում կվերադարձնեն՝ վստահեցնում է Արտակ Գևորգյանը: Փոփոխությունների նպատակն առաջին հերթին անվտանգության ապահովումն է:
Մարտից արդեն վարորդները կարող են նախարարության կայքում գտնել այն բոլոր ընկերությունների անուններն ու հասցեները, որոնք լիցենզավորված են և կարող են փորձարկում անցկացնել: