44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը վերացնելու քաղաքականության շրջանակում Բաքուն հանել է Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցու խաչը: Փորձ է արվում հայկական եկեղեցին ներկայացնել որպես «աղվանա-ուդիական»: Արցախի բոլոր հուշարձանները մեկ հարթակում քարտեզագրած Համլետ Պետրոսյանը շեշտում է՝ եկեղեցին զուտ հայկական է, որևէ այլ մշակույթի տարր չի պարունակում: Այդ է վկայում նաև եկեղեցու բակում գտնվող խաչքարը:
Համլետ Պետրոսյան, պատմաբան, Monument Watch կայքի համահիմնադիր - Շատ հայտնի է 14-րդ դարի սկզբներին կառուցված խաչքարը: Այն եզակի խաչքարերից է, որի հորինվածքը ներկայացնում է խաչի երկրորդ գալուստը: Այսինքն՝ հրեշտակները թևերով բռնել են խաչը և բերում են ժամանակների վերջում:
Կովկասագետ Ալեքսան Հակոբյանը մեկ այլ փաստարկ է բերում՝ ցույց տալով 1963 թվականի քարտեզը: Այն ադրբեջանցիներն են ստեղծել՝ հստակ նշելով աղվանական և հայկական մշակույթների սահմանները:
Ալեքսան Հակոբյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ - Ոչ մի կանաչի ներթափանցում չկա Կուր գետից հարավ, այսինքն՝ աղվաններն ապրել են միայն Կուր գետից հյուսիս: Նրանք Արցախի հետ ոչ մի կապ չեն ունեցել:
1973 թվականին, արդեն Հեյդար Ալիևի իշխանության օրոք, հին քարտեզը փոխվել է, դրանից անհետացել են մշակույթները տարանջատող գույները: Համլետ Պետրոսյանը նկատում է՝ նույն տրամաբանությամբ էլ փորձ է արվում պատերազմից հետո իրենց վերահսկողության տակ անցած տարածքներից վերացնել հայկական հետքը:
Համլետ Պետրոսյան - Դնում ենք Դադիվանքի, Գանձասարի, Ծակուրի հրաշք հայերեն արձանագրությունները և հարցնում ենք՝ հիմա դուք ի՞նչն եք ուզում աղվանականացնել:
Իր քաղաքականությունն առաջ տանելու համար Բաքուն մտադիր է ստեղծել ալբանագետներից կազմված հանձնաժողով: Հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարարը: Ալեքսան Հակոբյանը վստահ է՝ հայկական պատմությունը խեղաթյուրելու այս փորձը ևս հաջողություն չի ունենա:
Ալեքսան Հակոբյան - Ադրբեջանցիները տասնամյակներ շարունակ փորձել են համաշխարհային հանրությանը, այդ թվում՝ գիտական հանրությանը համոզել, որ Արցախում ապրել են աղվաններ, որոնք հայացել են ինչ-որ ժամանակ: Իրականում՝ համաշխարհային հանրությունը դրա հետ չի կարող հաշտվել, որովհետև կան պատմական աղբյուրներ:
Նախաձեռնությանը չեն միանա ոլորտի առաջատար մասնագետները՝ համոզված է կովկասագետը:
Ալեքսան Հակոբյան - Ադրբեջանցիներն այդպիսի փորձեր արել են եվրոպացի մասնագետների, ռուս մասնագետների ներգրավելու, դրանք եղել են ոչ առաջին կարգի մասնագետներ, որոնց մասնակցությունն ադրբեջանական այդպիսի պրոյեկտներին ոչ մի չափով հիմք չի դարձել, որպեսզի եվրոպական, ռուսական արևելագիտությունը շարժվի ադրբեջանցիների ցանկացած ճանապարհով:
Արցախի մշակութային ժառանգության վերացման վտանգն արձանագրել էր նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ 2021թ. սեպտեմբերի 27-ին ընդունած բանաձևում:
«ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում զարգացող «Կովկաս-ալբանական» ժառանգությունը քարոզող հորինվածքի վերաբերյալ՝ փոխարինելու համար այն, ինչը համարվում է հայկական մշակութային ժառանգություն: Առաջարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել զարգացող հորինվածքը, որը քարոզում է «Կովկասյան ալբանացիների» ժառանգությունը՝ համոզվելու համար, որ կողմերից ոչ մեկը այն չի շահարկում:
Ի դեպ, 44-օրյա պատերազմի ավարտից մինչև օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետներին Ադրբեջանը տարբեր պատճառաբանություններով արգելում է այցելել իր վերահսկողության տակ անցած տարածքներ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան