Ամերիկացի զինվորականների առաջին խումբը շաբաթ օրը ժամանել է Լեհաստան: Այդ մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ամերիկյան զինվորականներին Լեհաստան ուղարկելու նպատակը ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդումն է:
Լեհաստանի պաշտպանության նախարարն ու Պենտագոնը հաստատել էին, որ Լեհաստան են ժամանելու ԱՄՆ-ի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի շուրջ 1700 զինվորներ և սպաներ:
ԱՄՆ-ի զինված ուժերը Լեհաստանում շուրջ 4500 զինծառայող ունեն ինչպես ՆԱՏՕ-ի կազմում, այնպես էլ երկկողմ հիմքով: Դրանք հիմնականում տեղակայված են երկրի արևմուտքում: