Թոսունյանների բակն ու այգին կոյաջուրն է քայքայել: Դիտահորից պարբերաբար արտահոսում է, ոչնչացնում ճանապարհին հայտնված ամեն ինչ: Պատճառն այն է, որ Էջմիածնի Սպանդարյան և Վարդան Մամիկոնյան փողոցների մի մասը սպասարկող դիտահորը Թոսունյանների տան բակում է գտնվում:
Ռուզաննա Թոսունյան (Էջմիածնի բնակիչ) - Իմ սեփական հողի մեջ է, այն կողմից մեքենան եկել, տրուբեն գցել՝ մաքրել է, բայց քանի որ շենքը սեփականացրեցին, մարդիկ տները կառուցեցին, դեպի կոյուղի ճանապարհը փակվեց: Ամառ-ձմեռ մենք էս ճահիճի մեջ ենք, զուգարանի մեջ ապրում ենք:
Խոսքը հարևանությամբ գտնվող նախկին մանկապարտեզի մասին է, որը մոտ 20 տարի առաջ է մասնավորեցվել ու բազմաբնակարան շենքի վերածվել: Տարբեր շինությունների հայտնվելուց հետո մեծ մեքենաների մուտքը դեպի դիտահոր փակվել է, ինչի հետևանքով «Վեոլիա ջուր» ընկերությունը զրկվել է այդ հատվածում աշխատելու հնարավորությունից: Ընկերության՝ Էջմիածնի տեղամասում խցանված դիտահորի մասին հնչող ահազանգերը երկար ժամանակ անպատասխան են մնում, որովհետև գիտեն՝ աշխատելու դժվարություն են ունենալու:
Խաչիկ Սողոմոնյան («Վեոլիա ջուր» ՓԲԸ Էջմիածնի տեղամասի վթարային խմբի ղեկավար) - Մեր աշխատողներն ի վիճակի չեն մտնեն, շլանգը երկար տարածությունից քաշեն, դժվար է: Իրենք պարտադիր պետք է մոտ լինեն վթարին, որ կարողանան գործ անել:
Միակ ելքը Վարդան Մամիկոնյան փողոցի առանձնատներն են, որոնց բակերով խողովակը կարելի է հասցնել մինչև դիտահոր՝ Թոսունյանների տարածք: Բայց կոյուղատարը մաքրողներն այստեղ էլ են խնդրի բախվում: Առանձնատների տերերը չեն ուզում, որ իրենց բակը աշխատանքային հրապարակ դառնա:
Վիրաբ Տերտերյան (Էջմիածնի բնակիչ) - Տասը տարի է՝ գալիս են, մարդիկ են մեջ գցում, խնդրում, մի բան էլ՝ մուննաթ են գալիս, ամենավատ խոսքերով ինձ ասում են՝ ոնց թե դուռը չես բացի: Ինչի համար էս կեղտոտ խողովակը պիտի իմ բակով անցնի: Իմ տանը 4 երեխա կա:
Խաչիկ Սողոմոնյան - Գալիս ենք, չեն թողնում, համոզում ենք:
Համոզելով՝ մի կերպ բացել են խցանված դիտահորը, բայց հիմա էլ դուրս բերած աղբի տեղափոխման խնդիր է առաջացել:
Ռուզաննա Թոսունյան - Հանում-լցնում են իմ հողամասի մեջ, մենք էլ մեր տան մեջ պետք է այդ կեղտահոտը շնչենք:
Խնդրին անմիջապես առնչվողներն առաջարկում են շենքերը սպասարկող նոր կոյուղի կառուցել, դիտահորը մասնավորի տարածքից այլ վայր տեղափոխել: Առաջարկին դեմ են բնակելի տուն դարձած մանկապարտեզում ապրողները:
Խաչիկ Սողոմոնյան - Մանկապարտեզի բնակիչներն իրենց կոյուղու ելքը պիտի փոխեն, շատերը համաձայն չեն: Սանհանգույցը գալիս միանում է դիտահորին, եթե գիծը չեզոք տարածքով տանենք, իրենց սանհանգույցը պետք է տեղափոխեն: Մեծ աշխատանք է, համ էլ՝ բնակիչը չի ուզի:
Երկու փողոց սպասարկող դիտահորն իր տեղակայման դիրքի պատճառով խնդիր է դարձել միայն մեկ ընտանիքի համար: Լուծման որևէ հույս չունենալով՝ Թոսունյանները սպառնում են ուղղակի ցեմենտել այն: