Շքամուտքի նոր դռներ, ներքին հարդարում, արտաքին պատերի և տանիքի ջերմամեկուսացում՝ տիկին Սուսաննան թվարկում է իրենց շենքում կատարված աշխատանքները:
Սուսաննա Ավագյան (Սպիտակ համայնքի բնակիչ) - Չէր տաքանում տունը, ինչքան ուզում ա ջեռուցում ունենայինք, չէր տաքանում։ Իսկ հիմա լավ տաք ա, շատ քիչ ենք օգտագործում լույսը, գազը։
Լոռու մարզում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագիրն իրականացվում է Կառավարություն-համայնք գործակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով՝ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։ Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են։
Գնել Սանոսյան (ՀՀ ՏԿԵ նախարար) - Ուզում ենք այս ծրագրով լուծել մի շարք խնդիրներ, հատկապես մեր բնակֆոնդը բավական հին է և թարմացման, ամրացման կարիք ունի, ինչպես նաև արտաքին տեսքը բարելավելու կարիք ունի: Այս ծրագրով դա ենք անում և նաև էներգախնայողության հետ կապված հարցերն ենք կարգավորում։
2020 թվականին էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր են իրականացվել 8 համայնքի 55 բազմաբնակարան շենքում, 38-ը ամբողջապես արդիականացվել են, 17-ը՝ մասնակի։ Ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2,4 մլրդ դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմել է 1.61 մլրդ դրամ։
Գնել Սանոսյան - Այս տարի Կառավարության մասնաբաժինը նոր սուբվենցիոն կարգում 5 տոկոս ավելացրել ենք և դրանով, կարծում ենք, որ մեր համայնքներին ավելի կշահագրգռենք այս ծրագրերին մասնակիցը դառնալու։
Ջերմարդիականացված շենքերում էապես կրճատվում են ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը, սեփականատերերն էլ խնայում են ջեռուցման և հովացման կոմունալ ծախսերի շուրջ 50 տոկոսը։ Որպես հավելյալ օգուտ՝ կարելի է նշել նաև տվյալ շենքերում բնակարանների շուկայական արժեքի 10-15 տոկոսով բարձրացումը։
Նաթիա Նացվլիշվիլի (ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ) - Ծրագրի շնորհիվ նվազեցվում է ջեռուցման համար պահանջվող էներգիայի սպառումը: Էներգիայի սպառումը նվազեցնելով՝ բնակիչներն ավելի քիչ են ծախսում ջեռուցման համար և ունենում են ավելի տաք բնակարաններ։
Էներգաարդիականացման աշխատանքները հիմա ընթացքի մեջ են Լոռու մարզի Ախթալա, Սյունիքի Սիսիան և Քաջարան, Տավուշի Դիլիջան ու Բերդ համայնքների 30 բազմաբնակարան շենքերում, ծրագրի ընդհանուր արժեքը 987 մլն դրամ է: Լոռու մարզի Վանաձոր և Տաշիր համայնքների ևս 16 շենքում աշխատանքները կմեկնարկեն այս տարի:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան