Պատերազմից հետո՝ 2021-ից, Արցախում մեկնարկեց «Երկարօրյա դպրոց» ծրագիրը: Նախ 14 դպրոցում էր գործում, այս տարվանից կրթօջախների թիվը հասել է 48-ի: «Երկարօրյա դպրոցում» աշակերտը դասերն է սովորում, ճաշում և հաճախում արտադպրոցական խմբակներ:
Լուսինե Ղարախանյան (Արցախի ԿԳՄՍ նախարար) - «Երկարօրյա դպրոց» ծրագրի գաղափարը ծագել է պատերազմից անմիջապես հետո, երբ մենք սկսել ենք շփվել ու զգալ համայնքների խոցելի վիճակը, դպրոցների խոցելիության մակարդակը: Սա համայնքահենք է: Սոցիալական բաղադրիչը դրա երկրորդային, երրորդային բաղադրիչն է: Առաջնայինը երեխայի արտադպրոցական կրթության, երեխայի դասապատրաստումը ճիշտ և անպայման կազմակերպելու գործընթացն է:
Արցախի 2022 թվականի պետական բյուջեից «Երկարօրյա դպրոց» ծրագրին կուղղվի ավելի քան 800 միլիոն դրամ: Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքում երկարօրյային նախորդ տարվանից են մասնակցում:
Սրբուհի Գրիգորյան (մանկավարժ) - Երեխաներ կան, որ ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չունեն տանն ինքնուրույն դաս սովորելու, կամ ծնողներն ի վիճակի չեն աշխատանքի պատճառով կամ այլ պատճառով պարապել նրանց հետ: Այստեղ արդեն այդ հավասարությունը պահպանված է, և ուսուցիչը, երկարօրյայի համակարգողը արդեն կարող են բոլոր աշակերտների հետ նույն ձևով պարապմունքներն անցկացնել և արդեն աշակերտների կրթական մակարդակը բարձրացնել:
Որպես համակարգողների՝ երկարօրյա դպրոցում նախապատվությունը տալիս են տեղահանված մանկավարժներին, որ զուգահեռ նրանց աշխատանքի խնդիրը լուծվի:
Մալինա Ավանեսյան (Արցախի Մաղավուզ համայնքի դպրոցի փոխտնօրեն) - Համարյա լրիվ երիտասարդներ են ուսուցիչները՝ բարեխիղճ, իրենց մասնագիտական՝ թե՛ առարկայական, թե՛ մանկավարժական առումով նրանք պատրաստ մտնում են դասարան:
«Երկարօրյա դպրոց» ծրագրի հիմքում կրթության որակի բարձրացումն է՝ ասում է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն ու նկատում՝ սա բարեփոխում է, որի շոշափելի արդյունքը շահառուն զգում է անմիջապես: Դասապատրաստողներին վերապատրաստել են Երևանից հրավիրված փորձագետները:
Լուսինե Ղարախանյան - Այս ամենը կատարվում է այնպես, որից շահում է և ծնողը, ով վստահ է, որ երեխան ապահով տեղ է, կերել է ճիշտ սնունդ՝ ոչ ֆաստֆուդային, գիտի՝ երեխան որտեղ է գտնվում և ինչով է զբաղված:
Արցախում «Երկարօրյա դպրոցին» աջակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու Երևանի քաղաքապետարանը: