ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՉՎԱՃԱՌԵԼ F-16-ՆԵՐ
ԱՄՆ-ի ավելի քան 50 կոնգրեսականներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և Գաս Բիլիրակիսին՝ ԱՄՆ պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջելով դադարեցնել F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված նամակում նշվում է, որ գործարքը կհանգեցնի հետագա մահերի և ավերածությունների տարածաշրջանում։
«Կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Էրդողանի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար: Նա չի փոխի վարքագիծը, քանի դեռ ԱՄՆ-ն չի օգտագործել դիվանագիտական առկա բոլոր գործիքները։ Էրդողանը պատրաստակամություն է ցուցաբերել՝ պատերազմական գործողություններում ավտորիտար ռեժիմներին աջակցելու հարցում։ Անցյալ (2020 թ.) սեպտեմբերին Թուրքիան աջակցեց Ադրբեջանին, ինչը հանգեցրեց Արցախում վեց շաբաթ տևած ավերիչ մարտերի»:
Նամակի հեղինակները համոզված են՝ կործանիչների վաճառքը կխրախուսի Թուրքիայի ապակայունացնող գործողությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Հյուսիսային Աֆրիկայում և շարունակել մարդու իրավունքների խախտումները։
ԿԱՅԱՑԵԼ Է ԲԼԻՆՔԵՆ-ԿՈՒԼԵԲԱ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ հեռախոսազրույցում նշել է, որ ռուս-ամերիկյան դիվանագիտական շփումները, ըստ ամերիկյան կողմի, հաստատում են անվտանգության ոլորտում առկա խնդիրները լուծելու պատրաստակամությունը։
Պետքարտուղարը հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների և գործընկերների հետ միջոցներ կձեռնարկի՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ենթադրյալ ներխուժման դեպքում։
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն էլ նշել է, որ ԱՄՆ հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, տեղեկատվական պատերազմի մաս են։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա: Մեզ եղբայրական ուկրաինացի ժողովրդի հետ բարիդրացիական հարաբերություններ են անհրաժեշտ»,- հավաստիացրել է նա:
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՔԱՅԼՆ ԸՆԴԴԵՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգության համագործակցության կենտրոնին։
Պաշտոնական Կիևի դիմումի հաստատման ընթացակարգը սկսվել էր հոկտեմբերին, և հաջողության դեպքում Ուկրաինան կարող էր ՆԱՏՕ-ի կիբեռկենտրոնի անդամ դառնալ 2022 թվականի հունվարի 1-ից։
Հունվարի վերջին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն նշել է, որ Բուդապեշտը գոհ չէ Ուկրաինայում էթնիկ հունգարացիների իրավունքների հետ կապված իրավիճակից։ Ըստ Հունգարիայի՝ Ուկրաինան պետք է մի շարք էական փոփոխություններ կատարի, եթե ցանկանում է լրջորեն մտածել եվրատլանտյան ինտեգրման մասին։
ՋՐՀԵՂԵՂ ԷԿՎԱԴՈՐՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Առնվազն 27 մարդ է զոհվել Էկվադորի մայրաքաղաքում ջրհեղեղի հետևանքով, ավելի քան 50 մարդ վիրավորվել է, կան անհետ կորածներ։ Ավելի վաղ Կիտոյում տեղացել են հորդառատ անձրևներ։ Վնասվել են շենքեր, խաթարվել է էլեկտրամատակարարումը։ Տեղում աշխատում են փրկարարներ։