Թայվանի վարչակազմը դատապարտում է Չինաստանի և Ռուսաստանի նախագահներ Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի՝ Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ ընդունած հայտարարությունը, քանի որ դրանում հաստատվում է «Մեկ Չինաստանի» սկզբունքը: Այս մասին նշված է կղզու արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
Նշվում է, թե Պեկինը հարկադրում է այլ երկրների, միջազգային կազմակերպությունների և ընկերությունների՝ իրենց կամքին հակառակ գործողություններ ձեռնարկել:
Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 4-ին՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից մի քանի ժամ առաջ: Գագաթնաժողովին ստորագրվել է 16 փաստաթուղթ, այդ թվում՝ երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուս-չինական գործընկերությունն աննախադեպ մակարդակի վրա է, իսկ Սի Ծինփինն ընդգծել է ՌԴ-ի և Չինաստանի միջև քաղաքական ու ռազմավարական փոխվստահության ամրապնդումը: ՉԺՀ նախագահն արդար է համարել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված Ռուսաստանի պահանջները: