Ջարդերի դատապարտումն այսօր թույլ կտա կանխարգելել ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիան հայերի դեմ: Այս մասին սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցին նվիրված իր ելույթում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթին։
Նա վերահաստատել է արցախյան հակամարտության տևական, խաղաղ ու ժողովրդավար լուծմանը հասնելու ԱՄՆ հանձնառությունը:
«2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռմբակոծեց Արցախի Հանրապետությունը՝ թիրախավորելով հայկական դպրոցներն ու սրբավայրերը, սպանելով անմեղ քաղաքացիների: Մեկ տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին՝ չնայած եռակողմ հայտարարության ստորագրմանը»,- նշել է Կրիշնամուրթին։
Կոնգրեսականը շեշտել է մարդկության դեմ հանցագործությունները հիշելու կարևորությունը: Նա հորդորել է Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել՝ հետագայում նման աղետներից խուսափելու համար։
«Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց»,- ընդգծել է Կրիշնամուրթին: