ԱՄՆ-ի ավելի քան 50 կոնգրեսականներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և Գաս Բիլիրակիսին՝ ԱՄՆ պետքարտուղարությունից և Պենտագոնից պահանջելով դադարեցնել F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված նամակում նշվում է, որ Թուրքիայի հետ գործարքը կհանգեցնի տարածաշրջանում նոր ավերածությունների և մահերի։
«Կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Էրդողանի վարչակազմին պատասխանատվության ենթարկելու համար: Նա չի փոխի վարքագիծը, քանի դեռ ԱՄՆ-ը չի օգտագործել առկա դիվանագիտական բոլոր գործիքները։ Էրդողանը պատրաստակամություն է հանդես բերել՝ պատերազմական գործողություններում ավտորիտար ռեժիմներին աջակցելու հարցում։ 2020 թ. սեպտեմբերին Թուրքիան աջակցեց Ադրբեջանին, ինչը հանգեցրեց Արցախում վեց շաբաթ տևած ավերիչ մարտերի»,- նշված է նամակում:
Նամակի հեղինակները համոզված են, որ կործանիչների վաճառքը կխրախուսի Թուրքիայի ապակայունացնող գործողությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումները։