Վերջին տարիներին Հայաստանը պետական բյուջեից ֆինանսավորում է տրամադրում տարբեր երկրներում ստեղծված հայագիտական կենտրոններին՝ նպաստելու դրանց զարգացմանը: Այդպիսի 11 կենտրոն կա, որից 4-ը առաջին անգամ ֆինանսավորվել են 2021 թվականին:
Արթուր Մարտիրոսյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այդ ցանկը իր մեջ ներառում է շատ լայն աշխարհագրություն՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, Կահիրեի համալսարանը, Հռոմի Լա Սապիենցա համալսարանը և Ուրուգվայի պետական համալսարանը:
Պետական ֆինանսավորում ստացող կենտրոնների քանակը նախատեսվում է ամեն տարի ավելացնել երկուսով:
Արթուր Մարտիրոսյան - Նպատակը հետևյալն է, որ մենք աստիճանաբար ընդլայնենք ցանցը, և նաև ակնկալում ենք, որ ցանցը մի օր կվերաճի ավելի մեծ շարժման կամ հայկական մի գիտակրթական համագործակցության յուրահատուկ ձևաչափի, որտեղ համալսարանները իրենք իրենց մեջ ցանցային համագործակցություն կհաստատեն, հայաստանյան բուհերի հետ կկապվեն և, փաստորեն, կունենան ակտիվ շրջանառություն՝ անկախ պետության կողմից աջակցության ծավալից և այլն, այսինքն՝ կդառնան ինքնուրույն գործող մեխանիզմ:
Հայագիտական կենտրոնների քանակն ու աշխարհագրությունը ընդլայնելուց բացի կարևորվում է դրանց շարունակականությունը:
Արթուր Մարտիրոսյան - Մասնավորապես, Լա Սապիենցայի համալսարանի պարագայում, կարող եմ ասել, որ համալսարանի հետ վերջերս կնքվեց համաձայնագիր, որով մենք մի փոքր ավելացրեցինք պետության կողմից տրամադրվող ֆինանսավորման չափը, բայց դրա շնորհիվ համալսարանը հանձնառություն վերցրեց, որ մեր կողմից մեկ մասնագետը կվերաճի հայագիտական ամբիոնի:
Հայագիտական այս կենտրոնները գործում են օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում, գիտաուսումնական հաստատություններում: Նախարարի տեղակալը նկատում է՝ հայագիտական կենտրոն ասելով, որպես կանոն, մի մեծ կենտրոն ենք պատկերացնում, բայց հաճախ խոսքը ընդամենը մեկ հետազոտական կամ դասավանդող հաստիքի մասին է:
Կարևորը, ըստ նրա, սկզբնավորումն է ու խոշորացման հեռանկարը, իսկ հայագիտական կենտրոնների նպատակներից է մեր ժողովրդի մշակույթի, ինքնության, լեզվի, պատմության ուսումնասիրումը, դրանց հանդեպ գիտական հետաքրքրության աճի խրախուսումը:
2019 թ. ծրագրի համար հատկացվել է շուրջ 16 մլն դրամ, 2020-ին՝ շուրջ 60 մլն, 2021-ին հատկացվել է 120 մլն դրամ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան