Մատնահետքով՝ միայն աշխատակիցների առաջ բացվող դռան հետևում Հայաստանի էներգետիկ շուկան ազատականացրած էլեկտրոնային հարթակն է։ Այս սենյակում է աշխատում երկրում հոսանքի առևտրի կառավարման նոր ծրագիրը։
Լևոն Հայրապետյան (Հաշվարկային կենտրոնի էլեկտրաէներգիայի առևտրի կազմակերպման բաժնի ճարտարագետ) - Սիներջիի գրած ծրագիրը էս երեք մոնիթորների վրա ցույց տվածն ա, չորրորդը մեր սերվերների տեխնիկական պարամետրերն ա ցույց տալիս:
Սպառման կանխատեսումից մինչև ԲԷՑ-ի կորուստներ ու վերականգնվող ռեսուրսներով աշխատող կայանների ամենժամյա արտադրության ցուցանիշներն էկրանից բացի նաև համակարգիչներում են։ Ծրագիր մուտքը անվտանգության ամենախիստ կանոններով է՝ էլեկտրոնային ստորագրության սկզբունքով աշխատող տոկենով։
Գրետա Խաչատրյան (Հաշվարկային կենտրոնի էլէկտրաէներգիայի առևտրի կազմակերպման բաժնի աշխատակից) - Գեներացնում է ավտոմատ կոդ, որի միջոցով հաստատում ենք յուրաքանչյուր գործողություն, րոպեն մեկ փոխում ա էս թիվը:
Այս բանալիից են ստանալու էներգետիկ բորսայում առևտուր նախատեսող և՛ կայանները, և՛ հոսանքի մատակարարները, որ դրա միջոցով իրենց օֆիսներից ծրագիր մուտքագրեն, թե ի՞նչ սակագնով ինչքա՞ն էլեկտրաէներգիա են պատրաստ վաճառել-գնել օրվա տարբեր ժամերի։ Համակարգը ֆիքսելու է կնքվող գործարքներն ու հետևելու Կվտ-ների շարժին։
Կարեն Խոջագորյան (Հաշվարկային կենտրոնի էլէկտրաէներգիայի առևտրի կազմակերպման բաժնի պետ) - Մենք միջոնորդական գործունեություն ենք իրականացնում, որ գնորդը և արտադրողն իրար հեշտ գտնեն:
Պայմանագրերը ֆիքսելո՞ւ եք՝ այո՛:
Այստեղ, ի դեպ, նկարահանումը թույլատրեցին, քանի որ մոնիթորներին որևէ ընկերության առևտրային գաղտնիք պարունակող տվյալ դեռ չկա։ Չորրորդ օրն է, ինչ շուկան ազատականացվել է, գործարքներ առայժմ չեն կնքվել՝ ասում է Հաշվարկային կենտրոնի ղեկավարը։ Երկրում այս պահին հոսանքն ազատ վաճառելու իրավունք ունեն միայն 39 փոքր ՀԷԿ-եր, որ գետերի պես դեռ պասիվ են, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից լիցենզիա ստացած մի քանի ֆիրմա։
Մերսրոպ Մեսրոպյան («Հաշվարկային կենտրոն» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար) - Առայժմ այդ լիցենզավորված 3 ընկերությունից ոչ մեկը դեռ չի դիմել մեզ, որ դառնա իսկական խաղացող շուկայում:
Հնարավոր է՝ առաջին գործարքն ամիսներ հետո միայն կնքվի, օրենքը ֆինանսական խոշոր երաշխիքներ է դրել, տարեկան 1 մլն դրամ տուրք սահմանել՝ բացատրում է Մեսրոպ Մեսրոպյանը։ Շուկայի կառուցվածքն էլ բավական բարդ է։
Այս մասում արտադրող կայաններն են, այստեղ բուն շուկան է իր երեք հատվածներով, ձախ կողմում տեղակայված են:
Հիմա բարեփոխումը դեռ առաջին՝ մեկնարկային փուլում է։ Շուկան ռեալ կակտիվանա ամենաուշը 23 թվականից, երբ տարեկան 1 մլն Կվտ/ժամից ավելի հոսանք օգտագործող սպառողները՝ միջին չափի հացի փռից մինչև խոշոր գործարան, էլեկտրաէներգիայի այլ մատակարար կընտրեն, քան ՀԷՑ-ն է։ Սպառողի պահանջարկն էլ արտադրողին կհասնի ոչ թե միասնական համակարգի միջոցով ու պետական խողովակով, այլ ուղիղ գծով։
էս դեպքում ոչ թե պետությունն է թելադրելու կայաններին, այլ իրենց տրվելու է հնարավորություն՝ եթե գիշերվա ժամը 3-ին կա պահանջարկ շուկայում, և Հրազդանի ՋԷԿ-ը պատրաստ է էդ հոսանքը վաճառել, արդեն ինքն է որոշում՝ ինչ սակագնով, ու եթե պահանջարկը կա, տեղի ա ունենում գործարքը և առևտուրը:
Ուղիղ գործարքը կողմերին ձեռնտու կլինի և, ամենակարևորը՝ արդար: Օրինակ՝ երկրում ամենաէժան՝ առանց ԱԱՀ-ի 7,31 դրամով հոսանք արտադրող «Որոտան-կասկադը» ստիպված չի լինի ՋԷԿ-երի թանկարժեք հոսանքի պատճառով գին համահարթեցնել ու կկարողանա արդեն շատ ավելի մրցակցային իր առաջարկը հանել շուկա։ Սպառողներից կշահեն համակարգի համար իրենց գրաֆիկներով լրացուցիչ բեռ չստեղծողները։ Այս ամենը՝ բիզնես սպառողների մասով։ ՀԷՑ-ի առաջարկածից տարբեր սակագնով էլեկտրաէներգիայի մատակարար ընտրել, ցանկության դեպքում, կկարողանան նաև բնակիչ բաժանորդները։ Բայց դա կլինի միայն ռեֆորմի վերջում՝ մի քանի տարուց։
Մեսրոպյանը չի ընդունում քննադատների կարծիքը, թե ազատականացումը քանդելու է Հայաստանի էներգետիկ շուկան։ Պնդում է՝ սա լավ հնարավորություն է Իրանի հետ էներգետիկ առևտուրը հասցնել տարածաշրջանային մասշտաբի։
Ամեն ինչի սկիզբը միշտ է կասկածելի՝ ասում են Հաշվարկային կենտրոնում։ Օրինակ բերում՝ բջջային ու ինտերնետ ցանցի այժմյան մրցակցությունը։ Վստահ են՝ օրը կգա, բոլորը կհամոզվեն, որ էներգետիկ շուկայի ազատականացումը նույնպես ճիշտ որոշում է։