Մարիան՝ Ռուսաստանից, Էդմոնդը՝ Լատվիայից. այս երջանիկ զույգը Հայաստանում արդեն հասցրել է նշանադրվել, հիմա եկել են ամուսնության գրանցման համար դիմելու: Համավարակի հետևանքով՝ որոշեցին այս գործընթացն իրականացնել հենց մեր երկրում:
Մարինա Բարանոկ - Շատ գեղեցիկ երկիր է, հյուրընկալ, շատ ենք հավանում:
Հանրային ծառայությունների մատուցումից ևս գոհ են: 2020 թվականից Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում քաղաքացիներն առանց մի քանի պետական մարմիններ այցելելու, կարող են տարբեր ծառայություններից օգտվել։ Նման գրասենյակ կա Երևանում, Գյումրիում, Իջևանում. առաջիկայում այդ թիվը կավելանա:
Արտաշես Խալաթյան (ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետ) - Որպես վերջնանպատակ մենք նախատեսում ենք հենց արդարադատության տների ձևավորումը, որը կներառի գործնականում հանրային ծառայությունների ամբողջական սպեկտրը մեկ տեղում կենտրոնացումը, որը թույլ կտա ցանկացած հանրային ծառայություն և դրա հետ փոխկապակցված այլ ծառայություններ ստանալ ոչ թե տարբեր հասցեներում, այլ ընդամենը մեկ պատուհանից անցնելով հարևան պատուհան:
Տրանսպորտային ծախսերի տնտեսումից մինչև ժամանակի խնայողություն՝ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում թվայնացման աշխատանքը, Խալաթյանի խոսքով, ակտիվ փուլում է: Հանրային ծառայությունների միասնական հարթակի ձևավորման ուղղությամբ ևս ակտիվ քայլեր են կատարվում:
Արտաշես Խալաթյան - Գործնականում ավարտին է հասցվել առողջապահության նախարարության Արմեդ համակարգի և ՔԿԱԳ ինսիվիլ համակարգի համակցման գործընթացը, որի արդյունքում արդեն իսկ մոտ ապագայում շուրջ 388 բուժհիմնարկ հնարավորություն կունենա ընդունել դիմումներ քաղաքացիներից մահվան և ծննդյան քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ: Այդ դիմումները արագորեն ուղարկել գործակալություն և արդյունքում կայացված որոշման հիման վրա քաղաքացիներին առձեռն կամ էլեկտրոնային փոստով տրամադրել անհրաժեշտ վկայականները:
Իրականացվում է նաև ամուսնությունը վկայող հին փաստաթղթերի տվյալների թվայնացում, որը կօգնի աշխատակիցներին տնտեսելով ժամանակը որոնման մեկ կոճակի միջոցով ներբեռնել այն և ոչ թե փնտրել ու գտնել արխիվից: ՔԿԱԳ ոլորտում քաղաքացիների համար նախորդ տարվանից իրականացված մի շարք բարեփոխումներ արդեն կիրառվում են:
Օրինակ՝ ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար այլևս պետական տուրք չի պահանջվում։ Կրճատվել են նաև որոշ ծառայությունների մատուցման ժամկետները: Անունը փոխելու համար նախկին մինչև 5 ամսվա փոխարեն այժմ պահանջվում է ընդամենը 15 օր: Բարեփոխումները նաև հակակոռուպցիոն բնույթ ունեն:
Ի դեպ, վիճակագրական կոմիտեի տվյալով՝ 2021 թվականին մեր երկրում գրանցվել են 15902 ամուսնություն, 4069 ամուսնալուծություն: Ստեղծվել է ամուսնության գրանցումը հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն: Այն կարող են իրականացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: