Մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նիստի ընթացքում շեշտեց, որ ինքը ցանկանում է Սահմանադրության մեջ իշխանության թևերի բալանսավորում:
«Անձամբ գտնում եմ, որ մենք պետք է դատական իշխանությունների համակարգի վերանայում իրականացնենք, բայց նաև չունեմ իմ անձնական վերջնական պատկերացումը, թե դա ինչպե՛ս պետք է տեղի ունենա, ո՛ր դատարանը որի՛ն պետք է միավորվի, բայց այն, որ այս հարցերը պետք է քննարկվեն, անձամբ ինձ համար շատ կարևոր են»,- ասաց նախարարը:
Անդրեասյանը հայտնեց նաև իր մասնագիտական անհանգստության մասին, որ այսօրվա Սահմանադրությունն ունի տեքստային թերություններ, բացեր:
«Դրանք նախկին քննարկումների և աշխատանքների ժամանակ, ցավոք, թողնվել են, թերևս այն պատճառով, որ շատ հարցեր ժամանակին երկրում լուծվել են ոչ թե Սահմանադրությամբ, այլ ներքին քաղաքական որոշումներով»,- ասաց նա: