Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային հայկական լրատվամիջոցներից մեկը հարցրել է, թե արդյոք ճի՞շտ են այն պնդումները, որ Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքին որպես այլընտրանք կամրջի կառուցման նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունն է։ Զախարովան նշել է, որ այս պահին հստակ տեղեկություն չկա. «Ես տեսել եմ ինչ-որ հաղորդագրություններ թեմայի վերաբերյալ, մենք այդ հարցը ուշադրության կենտրոնում ենք պահում, և հենց լինեն կոնկրետ տվյալներ՝ ես ձեզ կտրամադրեմ դրանք»,- նշել է արտգործնախարարության խոսնակը:
*****
Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների՝ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Բայրամովը հույս է հայտնել, որ հանձնակատարի հետ հանդիպմանը տեղի ունեցած քննարկումներն առաջիկա ամիսներին արդյունք կտան։
*****
Ռուսաստանի և Չինաստանի միջև բարեկամությունը սահմաններ չունի, երկրների համագործակցության մեջ արգելված գոտիներ չկան՝ նշված է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի համատեղ հայտարարության մեջ: Ռուսաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ միջազգային հարաբերությունների նոր դարաշրջան մուտք գործելու և համաշխարհային կայուն զարգացման վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանը և Չինաստանը հանդես են գալիս համաշխարհային տերությունների միջև նոր տեսակի հարաբերությունների ձևավորման օգտին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, խաղաղ համագոյակցության և փոխշահավետ համագործակցության վրա։ Նախագահները կոչ են արել պետություններին քայլեր ձեռնարկել միջուկային պատերազմների ռիսկերը նվազեցնելու համար: «Կողմերը միասնական են հասկանալու, որ ժողովրդավարությունը համամարդկային արժեք է, այլ ոչ թե առանձին պետությունների արտոնություն, դրա առաջմղումն ու պաշտպանությունը համաշխարհային հանրության ընդհանուր խնդիրն են»,- ասված է տեքստում: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ որևէ երկիր չի կարող և չպետք է ապահովի իր անվտանգությունը՝ աշխարհի անվտանգությունից մեկուսացած և այլոց անվտանգության հաշվին։
*****
Ռուսաստանի և Չինաստանի նախագահները հանդիպումից հետո մասնակցել են Պեկինում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Միջոցառումն անցկացվել է Պեկինի ազգային մարզադաշտում, որն իր ճարտարապետական կառուցվածքի առանձնահատկության համար կոչվում է Թռչնաբույն: Պեկինը պատմության մեջ առաջին քաղաքն է, որտեղ հյուրընկալել են ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղեր: Օլիմպիական խաղերը պաշտոնապես բացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, իսկ ձմեռային խաղերի կրակը մարզադաշտ են բերել երկու պատանի չինացի մարզիկներ: Միջոցառումն աչքի է ընկել լուսային ու լազերային շքեղ շոու ծրագրով: Օլիմպիական ավանդական շքերթին մասնակցել է 91 երկրի ավելի քան 4 հազար ներկայացուցիչ:
*****
Փետրվարի 15-ին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախատեսվում է քննարկել երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ թեմաները, ներառյալ՝ Ռուսաստանի անվտանգության՝ իրավաբանորեն ամրագրված երաշխիքների և ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը: Այսօր հայտնի դարձավ նաև, որ փետրվարի 7-ին Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
*****
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում՝ վեց տարի ժամկետով: Ստոլտենբերգը, որը նախկինում երկու անգամ զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը, Հյուսիսատլանտյան դաշինքը գլխավորում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից: Այդ պաշտոնում նրա մանդատը երկու անգամ երկարաձգվել է, Ստոլտենբերգը պաշտոնը կզբաղեցնի մինչև սեպտեմբերի 30-ը: Լրատվամիջոցներում արդեն պտտվում են Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հաջորդ հավանական թեկնածուների անունները: ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի թեկնածու են համարվում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։