Շիրակի մարզպետարանը համայնքների հետ սկսել է աշխատել սուբվենցիոն ծրագրերի կազմման և մշակման ուղղությամբ։ Քննարկում են խնդիրները, որոշվում առաջնահերթությունները և դասակարգվում ըստ համայնքի կարիքների ու բյուջեի հնարավորությունների։ Այս տարի կառավարությունը որոշակի փոփոխություններ է մտցրել, սահմանել է առաջնահերթություններ։
Պետության ֆինանսական մասնակցությունն ավելի է աճում, եթե համայնքը սահմանամերձ և բարձրլեռնային գոտում է գտնվում: Այս դեպքում սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի կառուցման կամ նորոգման համար պետությունը հատկացնում է անհրաժեշտ գումարի 80 տոկոսը:
Ի՞նչ ծրագրեր կներկայացնեն համայնքները, քննարկում են համայնքի ներսում, մարզպետարանից միայն համապատասխան շրջաբերականներ են ներկայացրել՝ պահանջելով գույքագրել հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Ամենաօպերատիվն Ախուրյանից են արձագանքել, ավելի քան 70 խնդիր են ներկայացրել։
Գյումրին դարձյալ այս տարի ակտիվ կլինի, երկրորդական փողոցների ասֆալտապատման համար ծրագրեր կներկայացվեն։
Բազմաբնակարան շենքերի համար էներգախնայողության, կտուրների նորոգման ֆինանսավորման հնարավորություն ևս կա, միայն թե գումարի հինգ տոկոսը պետք է վճարեն բնակիչները։