Այսօր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստն էր, որը նախագահել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Նա վստահեցրել է՝ խորհրդի առջև դրված չէ Սահմանադրություն այս կամ այն կերպ ձևելու օրակարգ, նպատակը Մայր օրենքն «աուդիտի» ենթարկելն ու խնդիրները վերհանելն է:
Կարեն Անդրեասյան (արդարադատության նախարար) - Ցանկանում եմ իշխանության թևերի բալանսավորում տեղի ունենա մեր Սահմանադրության մեջ, եթե այն փոփոխվի: Ես անձամբ գտնում եմ, որ պետք է դատական իշխանությունների համակարգի վերանայում իրականացնենք, բայց նաև չունեմ իմ անձնական վերջնական պատկերացումը, թե դա ինչպես պետք է տեղի ունենա, թե որ դատարանը որին պետք է միավորվի:
Նախարարը նկատեց, որ գործող Սահմանադրությունն ունի տեքստային թերություններ, բացեր, որոնք նախկին քննարկումների ժամանակ անտեսվել են:
Կարեն Անդրեասյան - Այն պատճառով, որ շատ հարցեր երկրում ժամանակին լուծվել են ոչ թե Սահմանադրությամբ, այլ ներքին քաղաքական ինչ-որ որոշումներով: Եվ դրա համար Սահմանադրության հեղինակները կարիք չեն համարել մինչև վերջ բոլոր ճգնաժամային իրավիճակները պատկերացնելու և այդ կարգավորումները տալու:
Արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ պետք է հասնել այնպիսի գործընթացի, որը ոչ թե նոր բաժանումներ, այլ համերաշխություն և համախմբում բերի երկրին:
Էդմոն Մարուքյան («Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ) - Առաջարկների լոբբինգով այնպիսի Սահմանադրություն ունենալ, որ իրական խորհրդարանական համակարգ ունենանք, որ իրական հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմներ ունենանք, որ իրական անկախ դատական համակարգ ունենանք, անկախ ինստիտուտներ ունենանք, ունենանք Սահմանադրություն, որտեղ հստակ նշված է, թե ով է տարածքային ամբողջականության երաշխավորը, օրինակ՝ այս Սահմանադրության մեջ հստակ չկա նման բան:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նախագահի տեղակալ ընտրեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Նրա թեկնածությունն առաջադրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Կիրակոսյանի թեկնածությանը կողմ էին խորհրդի բոլոր անդամները:
Եղիշե Կիրակոսյան (Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ) - Կարծում եմ՝ սահմանադրական բարեփոխումները, լինելով բարդագույն իրավաքաղաքական պրոցես, առաջնային ամենակարևոր մոտեցումը պետք է լինի ճշգրիտ մեթոդաբանության ընտրությունը՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը հաջողությամբ սկսելու, տանելու և ավարտին մոտեցնելու ուղղությամբ:
Խորհուրդը քննարկեց նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների ընտրության հարցը, սակայն վերջնական որոշում չկայացրեց: Քաղաքական ուժերից ու քաղաքացիական կազմակերպություններից բաղկացած 11 հոգանոց խորհուրդը պարտավոր է ձևավորել քաղաքական ուղղվածություն չունեցող 5 գիտնական մասնագետից կազմված հանձնաժողով: Հենց այդ հանձնաժողովն էլ զբաղվելու է Սահմանադրական բարեփոխումների բուն նախագծի մշակմամբ:
Խորհրդի այսօրվա նիստին մասնակցում էին նաև խորհրդի անդամ չհանդիսացող արտախորհրդարանական ուժերը և ՀԿ ներկայացուցիչները: Նիստին չէր մասնակցում ՄԻՊ Արման Թաթոյանը: Նախարարի խոսքով՝ բացակայության պատճառի մասին պաշտպանի գրասենյակից չեն տեղեկացրել:
Հեղինակ՝ Անի Օհանյան