«Հայաստանի հիմնական խնդիրները տարածքային և սահմանային են». ավելի քան 1500 հարցված քաղաքացիների 28 տոկոսի պատասխանն է, երկրորդ ամենակարևոր խնդիրը հարցվածները համարել են երկրի ազգային անվտանգությունը: Տնտեսական, կրթական, քաղաքական և հասարակական խնդիրները ևս նշվել են, սակայն՝ ավելի քիչ:
Միջազգային հանրապետական ինստիտուտը հանրային կարծիքն ուսումնասիրելու համար նոր համապետական հարցում է իրականացրել Հայաստանի ամբողջ տարածքում:
«Հավատո՞ւմ եք, որ դուք և ձեզ նման մարդիկ կարող են ազդել մեր երկրում ընդունվող որոշումների վրա». այս հարցին մասնակիցների 39 տոկոսը «միանշանակ այո» է պատասխանել, 27 տոկոսը՝ «հավանաբար այո»:
Հարցվածների 48 տոկոսը նշել է, որ քաղաքացիները «միանշանակ չեն վախենում իրենց կարծիքը բացահայտ արտահայտելուց»։ 22 տոկոսը պատասխանել է, որ «որոշ չափով վախենում են», իսկ 18 տոկոսը, որ «որոշ չափով չեն վախենում»:
«Հայաստանի համար առավել կարևոր տնտեսական գործընկեր» հարցվածների գերակշիռ մասը համարում է Ռուսաստանին, երկրորդը մեր հարևան Իրանն է, ապա՝ Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:
«Հայաստանը պե՞տք է երկխոսություն սկսի Թուրքիայի հետ և կարգավորի երկկողմ հարաբերությունները՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման օրակարգը». այս տարբերակին «միանշանակ համաձայնություն է տվել» հարցման մասնակիցների 47 տոկոսը, 27 տոկոսը «որոշ չափով է համաձայն երկխոսությանը», 18-ն՝ «ընդհանրապես համաձայն չէ»:
Մասնակիցների 48 տոկոսը «միանշանակ համաձայն է», որ Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ՝ առաջ քաշելով իր նախապայմանները, ինչպիսին է, օրինակ՝ Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը չխոչընդոտելը: Այս դիտարկմանը չի համաձայնել հարցվածների 22 տոկոսը, «որոշ չափով համաձայնել է» կրկին 22 տոկոսը:
29 տոկոսը «միանշանակ համաձայն է», որ Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է ձգտի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, 28 տոկոսը «միանշանակ համաձայն չէ», 25-ը «որոշ չափով համաձայն չէ», իսկ 15-ը «որոշ չափով համաձայն է»:
«Հայաստանը պետք է ուժեղացնի իր ռազմական կարողությունները՝ միևնույն ժամանակ փորձելով հասնել խաղաղության». այս դատողությանը համաձայն է հարցվածների 56 տոկոսը, 28-ը կարծում է, որ Հայաստանը պետք է ձգտի խաղաղության՝ պատրաստ լինելով պաշտպանվելու հնարավոր պատերազմի դեպքում, 13 տոկոսն էլ կարծում է, որ Հայաստանը պետք է ուժեղացնի իր ռազմական կարողությունները՝ առանց խաղաղասիրական ձգտումների։
Հարցման մասնակիցների 28 տոկոսը արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ստացման համար առավել հուսալի լրատվամիջոց է համարում Հանրային հեռուստաընկերությունը, երկրորդ ամենաշատ հնչած պատասխանը «ոչ մի տարբերակն» է:
Հարցման մասնակիցների 51 տոկոսը ամեն օր օգտվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցից, 13-ը՝ շաբաթը մի քանի օր, 27 տոկոսը չի օգտվում: Երկրորդն ամենաշատը օգտվում են Յութուբից՝ 25 տոկոսն ամեն օր, 12 տոկոսը՝ շաբաթը մի քանի օր, 48 տոկոսը՝ երբեք:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան