Այսօր տեղի է ունեցել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգային առաջին երկու հարցերը վերաբերել են խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանը։
Միաձայն «կողմ» քվեարկությամբ խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իսկ քարտուղար՝ համալսարանի գիտական քարտուղար Հասմիկ Փիլավջյանը:
Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին այդ բարձր կարգավիճակը իրեն վստահելու համար և խոստացել անել առավելագույնը՝ համալսարանի զարգացման ու որդեգրած տեսլականի իրականացման համար։
Անդրադառնալով հանրության որոշ շրջանակում առկա մտահոգություններին՝ խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածության վերաբերյալ, Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ այն պայմանավորված է գործող իրավակարգավորումներով, և, մինչև ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումը, որից հետո կբացառվի կառավարման խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածությունը, հավաստիացրել է՝ ինքն առաջին երաշխավորն է լինելու, որպեսզի համալսարանի գործունեությունը լինի ապաքաղաքական։
Համբարձում Մաթևոսյանը, կրկին շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին վստահության համար, բոլորին մաղթել է արդյունավետ և արգասաբեր աշխատանք։
Հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններից հետո գումարվել է երկրորդ նիստը, որի ընթացքում Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը ներկայացրել է համալսարանի 2021 թվականի գործունեության և ֆինանսական հաշվետվությունները, այնուհետև հաստատվել են 2022 թվականի գործունեության ծրագիրը, բյուջեն և հաստիքացուցակը: