Հայաստանի Հանրապետության դրոշը շենքի վրա ամրացնելու պարտավորություն, հնարավոր է, ունենան ոչ միայն պետական կառույցները: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել պետական դրոշի գործածման վայրերը:
Աղվան Վարդանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Առաջարկվում է նախագծով կրթական, գիտական, մշակութային և մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտավորություն:
«Դրոշի մասին» օրենքի մեկ այլ փոփոխությամբ՝ նախատեսվում է սահմանել Հանրապետության, Անկախության տոներին, Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը եռագույնի բարձրացման պարտավորություն:
Աղվան Վարդանյան - Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է այն բնակելի և ոչ բնակելի շենքերի վրա, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետության համայնքների հրապարակների, փողոցների, այգիների և պուրակների հարակից տարածքներում:
Օրինագծին Կառավարության դիրքորոշումը դրական է, սակայն գործադիրն իր առաջարկներն ունի որոշ կետերի վերաբերյալ:
Ալֆրեդ Քոչարյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Եթե մասնավորին մենք պարտադրենք այդ դրոշներն ամեն տեղ փակցնել, դա իրենից ենթադրում է որոշակի ծախսեր: Իսկ երկրորդ կետը հստակեցնելու կարիք կա, որովհետև հարակից տարածքը, ինչպես նշվեց, կարող է լինել դեսպանություն կամ ցանկացած ուրիշ կազմակերպություն:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էլ առաջարկեց «Դրոշի մասին» օրենքի խախտման համար նախատեսված վարչական պատասխանատվությունը կիրառել նաև մյուս խորհրդանշանների պարագայում:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Պետք է նաև զինանշանի վերաբերյալ նման կարգավորում ունենանք: Շատ կուզենայի, որ համապարփակ փաթեթ ունենայինք կամ գուցե բոլորս միասին համատեղ ջանքերով ներկայացնեինք նման նախագիծ:
Նախագծի հեղինակը համաձայնեց դիտարկմանը, սակայն մյուս առաջարկությունների քննարկման համար հանձնաժողովի նախագահը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել: Նիստը վերսկսելուց հետո ընդդիմադիր Աղվան Վարդանյանը հայտնեց՝ իշխանության հետ ընդհանուր հայտարարի են եկել:
Աղվան Վարդանյան - Պայմանավորվեցինք, որ նախագիծը մենք, նաև Կառավարության առաջարկությունները նկատի ունենալով, կքննարկենք առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմով և կփորձենք բոլոր խնդիրներին լուծում տալ:
ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Օրակարգի հաջորդ հարցի հեղինակն արդարադատության նախարարությունն է: Նախագիծը փոխելու է կարգավորումը, ըստ որի՝ կուսակցությունների լուծարման դեպքում պետական բյուջե կարող են փոխանցվել միայն դրամական միջոցները:
Երանուհի Թումանյանց (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Որպեսզի նախագծի ընդունումը մեզ հնարավորություն ընձեռի կուսակցությունների, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների, հասարակական կազմակերպությունների լուծարման դեպքում դրամական միջոց չհանդիսացող գույքը Կառավարության սեփականության իրավունքով փոխանցելու:
Քննարկված երկու նախագծերն էլ ստացան դրական եզրակացություն: Դրանք կքննարկվեն խորհրդարանի լիագումար նիստում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան