Ինչպես է ընթանում Տավուշի մարզի դպրոցներում սեպտեմբերից մեկնարկած՝ կրթական նոր չափորոշչի փորձարկումը, ինչ խնդիրներ ու մտահոգություններ են ծագել ամիսներ անց, և ինչ արդյունքներ կան արդեն․ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի երկօրյա շրջայցը Բերդ, Իջևան և Դիլիջան համայնքների մի շարք դպրոցներում նախ արձանագրեց կարևոր իրողությունը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար) - Մեզ ակնհայտ է, որ գործընթացը գնում է բոլոր դպրոցներում էլ, և կա դինամիկա, սա ամենակարևորն է, որովհետև նոր չափորոշչի փորձարկումը տևական ժամանակ է պահանջում: Կարծում եմ, մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ, և էստեղ մենք ունենք ուսուցիչների և դպրոցների զորակցությունը, և ես դա շատ պարզ զգացի այս 2 օրվա ընթացքում:
Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ կան թե՛ հաջողություններ, թե՛ խնդիրներ, և քանի որ սա բազմաշերտ պրոցես է, պետք է ժամանակին արձագանքել բոլոր հարցերին և հընթացս կարգավորել դրանք, որպեսզի գործընթացը ավելի արդյունավետ դառնա: Դասալսումները, ուսուցիչների հետ անմիջական քննարկումները անհրաժեշտ տեղեկություններ էին, որոնք հաշվի կառնվեն հետագա գործընթացներում՝ ասաց փոխնախարարը:
Ժաննա Անդրեասյան - Հիմնական հարցը, որ կարող եմ նշել, առարկայական ծրագրերի բեռնաթափման կարիքն է, որը կա, և որոշակի ծավալային վերանայումներ պետք է արվեն, մենք նաև քննարկել ենք՝ ինչպես դրանք կարող են արվել: Որոշակի հարցեր ունենք ուսումնական նյութերի հետ կապված, նաև տեխնոլոգիական հագեցվածության պատշաճ ապահովման հարցը, որ հընթացս լուծվում է: Իհարկե կան նաև առանձին հարցեր՝ առանձին առարկաներին վերաբերող, և դրանք նույնպես քննարկել ենք:
Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնն էլ ուսումնական տարվա ամբողջ առաջին կիսամյակում մշտադիտարկումներով, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներով, մեթոդական օգնությամբ դպրոցների աջակիցն է եղել:
Արտաշես Թումանյան (ՀՀ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար) - Աջակցությունը շատ ինտենսիվ կա, կա էական փոփոխություն ուսուցիչների դիրքորոշումների մեջ, կան որոշակի շոշափելի հաջողություններ իրենց աշխատանքում: Մինչև ուստարվա վերջ կունենանք ավելի մեծ աճ, որովհետև հիմա արդեն որակի վրա ենք աշխատում:
Նոր որակը ենթադրում է նոր դասագրքեր, որոնց պետք է սպասել նոր ուսումնական տարում, Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս տարի կամփոփվի առարկայական ծրագրերի չափորոշիչների փորձարկումը, կլրամշակվի, որից հետո կսկսվի նոր դասագրքերի ստեղծման գործընթացը: