ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը և այլ ներկայացուցիչներ երեկ՝ փետրվարի 3-ին, այցելել են Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց՝ գույքով զինելու մարզադպրոցի՝ վերջերս բացված ձյուդոյի խմբակը:
Ֆեդերացիայի ներկայացուցիչները Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցին ձյուդոյի տատամիներ և կիմոնոներ են տրամադրել, որոնք ձեռք են բերվել ամերիկահայ բարերար Արթուր Ալխասյանի օժանդակությամբ: Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանի խոսքով` սա Գորիսում մարզաձևի զարգացմանն ուղղված կարևոր քայլ էր.
«Մեր նպատակը մարզերում ձյուդոն զարգացնելն է, ու հիմա լավ հնարավորություն ունեինք Գորիսում ձյուդոյի խմբակ բացելու համար, քանի որ Գորիսում այն երբեք չենք ունեցել: Վերջերս ԱՄՆ-ից ինձ հետ կապ հաստատեց ձյուդոյի մարզիչ Արթուր Ալխասյանը և առաջարկեց իր օգնությունը իր ծնողների ծննդավայր Գորիսում ձյուդոյի խմբակ բացելու և այն գույքով ապահովելու համար»:
Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Սյունիքում ձյուդոյի զարգացումն ու մասսայականացումն իրենց համար շատ կարևոր են.
«Թեև խմբակը դեռ մեկ ամիս է՝ բացվել է, արդեն երեխաները հավաքվել են: Հուսով եմ՝ նրանց թիմը կավելանա, ու Սյունիքի մարզում ձյուդոն կզարգանա: Խոսք ենք տալիս մարզում ավելացնելու ձյուդոյի խմբակները, տրամադրելու լավ մարզիչներ, որոնք այստեղ կնպաստեն մարզաձևի զարգացմանը: Սյունիքը շատ կարևոր մարզ է մեզ համար»:
Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի լուսավոր և հիմնովին վերանորոգված դահլիճներում գործում են նաև ըմբշամարտի, ծանրամարտի և բռնցքամարտի խմբակներ:
Երեխաները հնարավորություն ունեն զբաղվելու նաև թիմային մարզաձևերով՝ բասկետբոլ, վոլեյբոլ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է մարզադպրոցի տարածքով, ծանոթացել ենթակառուցվածքներին ու նաև շփվել երեխաների հետ՝ նրանց կոչ անելով լավ մարզվել, շատ աշխատել ու մեծ նպատակներ դնել իրենց առջև:
Կարեն Գիլոյանը նախարարության և ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ այցելել է նաև Սիսիան՝ ծանոթանալու տեղի մարզադպրոցի պայմաններին և ենթակառուցվածքներին: