Կատարը չի դիմել իր ասիական հաճախորդներին գազը Եվրոպային մատակարարելու հարցով, Reuters-ին ասել է QatarEnergy-ի ղեկավար և էներգետիկայի հարցերով պետնախարար Սաադ ալ Քաաբին: Նա հավելել է. «Եթե Ռուսաստանը գազ չմատակարարի տարածաշրջան, մեկ երկիր չի կարող լուծել այդ հարցը»,- տեղեկացնում է Reuters-ը:
«Ոչ ոք չի կարող միայնակ գազ մատակարարել Եվրոպային, ոչ միայն մենք: Շատ ավելի մատակարարներ են անհրաժեշտ բացը լրացնելու համար»,- ասել է պաշտոնյան:
Միացյալ Նահանգները խնդրել է Կատարին և էներգիայի այլ խոշոր արտադրողներին ճշտել՝ արդյոք կարող են գազ մատակարարել Եվրոպային, եթե Ուկրաինայի հետ լարվածության հետևանքով ռուսական հոսքերն ընդհատվեն:
Կատարը խոստովանել է, որ անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ի օգնությունը՝ համոզելու իր գնորդներին գազը մատակարարել դեպի Եվրոպա, որտեղ վառելիքի կարիքների 30-40 տոկոսը բավարարում է Ռուսաստանը:
Կատարն իր հեղուկ բնական գազի մեծ մասը վաճառում է Ասիային երկարաժամկետ նավթային ինդեքսավորված պայմանագրերով: Ըստ մասնագետների՝ Կատարի հեղուկ բնական գազի միայն 8-10%-ն է հնարավոր հասցնել Եվրոպա, և նույնիսկ դրա համար ժամանակ կպահանջվի, քանի որ այդ մայրցամաք առաքումն ավելի երկար է տևում, քան Ասիա: