18-ամյա Վլե Ֆերոյանը եզդի է, հունվարի 31-ին է զորակոչվել: Նրա հարազատները պնդում են, որ Կապանի զորամասում տղային նվաստացրել են ազգային պատկանելության համար: Նույն օրը նույն զորամաս զորակոչվել է նաև Քյամալ Կականյանը՝ ազգությամբ եզդի, որն այս պահին ևս շարունակում է ծառայությունը նույն զորամասում: Նորակոչիկը նշում է, որ տղաների հետ շփումը սկզբում դժվար է եղել, հետո ընկերացել ու հասկացել է՝ ինքն էլ մյուսների պես իրենց ապրելու տեղը պետք է մաքուր պահի: Ասում է՝ զուգարան մաքրելու հարց ընդհանրապես չի եղել:
Քյամալ Կականյան (Նորակոչիկ) - Ես սկզբից չէի ուզում մաքրեի, սենց ասած, կոպիտ ասած էլի, ինչի՞ համար, որովհետև չգիտեի՝ ստեղ տղերքը մեկը մյուսի համար, բոլորը մեկի համար, հետո պարոն կապիտանն անձնական զրույց ունեցավ, ամեն ինչ բացատրեց, ու ես հասկացա: Ոչ մեկը ոչ մեկից, կոպիտ ասած, լավ տղա չի ու ոչ մեկ մեկից չի տարբերվում, ու ազգության մասին էլ ոչ մեկ խտրականություն չի դրել:
Նորակոչիկի պապը նախարարության դիմաց պնդում էր, որ թոռանը ճնշել են, ծեծել ու ստիպել մաքրել զուգարանը, մինչդեռ զորամասում այլ բան են վստահեցնում. ծառայողական պարտականություններին ծանոթացնելու ընթացքում Վլե Ֆերոյանը վիճել է սպայակազմի հետ: Նրան դուր չի եկել, որ զորանոցի տարածքը պետք է մաքրեն զինվորները՝ հերթով: Շարքային զինծառայողն էլ ընդդիմացել ու հրաժարվել է հրամանը կատարելուց, հաջորդ օրը փախել է զորամասից: Կապիտան Ավագյանը հավաստիացնում է՝ Վլե Ֆերոյանին չեն ծեծել, պատիվն ու արժանապատվությունը չեն ոտնահարել:
Արմեն Ավագյան (ուսումնական ստորաբաժանման հրամանատար, կապիտան) - Էդ զինծառայողը լքել է զորամասը, որովհետև ինքը չի ուզում ծառայի, իսկ եթե ծառայի, նա ցանկանում է, որպեսզի ծառայի արտոնյալ պայմաններում, որը որ անհնար ա: Մեր զորամասում նման բարքեր չկան, չկան չաստ նայող զինվորներ, չեն լինելու, ես վստահ եմ դրանում:
ՌՈ Կապանի բաժնում փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, և զինծառայողների գործողություններին կտրվի իրավական գնահատական: Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի համաձայն՝ երեք օրից ավելի զորամասն ինքնակամ թողած զինծառայողին քրեական պատասխանատվություն է սպասում: