«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ն Եվրոպական միության աջակցությամբ իրականացրել է «Քաղաքացիների ձայնը և գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը, որի շրջանակներում, մասնագետների ուսումնասիրությունների հիման վրա, մշակվել է «Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման ռազմավարական առաջարկ» ուղեցույց։
Ծրագրի նպատակն է օգնել ՏԻՄ-երին հասկանալու համայնքների ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները՝ տուրիզմը համայնքներում զարգացնելու համար։ Ստեղծված ուղեցույցը ներկայացնելու համար հրավիրվել էր քննարկում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ոլորտի մասնագետներ, ՏԻՄ և ՀԿ ներկայացուցիչներ և ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող անձինք։
Ծրագրի արդյունքները շահագրգիռ կողմերին են ներկայացրե «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի զբոսաշրջության մագիստրոսի սերտիֆիկատի ծրագրի ղեկավար Զառա Զեյթունցյանը և զբոսաշրջության փորձագետ Սամվել Վանյանը։
Ռազմավարական առաջարկը ներառում է ինստիտուցիոնալ և կլաստերային զբոսաշրջության զարգացումը, ուղեցույցում Լոռու մարզը պայմանականորեն բաժանված է 3 կլաստերի։ Զբոսաշրջության առաջխաղացման համար մարզում, որպես ամենաշատ հնարավորություններ ունեցող համայնքներ, մասնագետներն առաջինը դիտարկում են Թումանյանի տարածաշրջանը, որին հաջորդում են Վանաձորը՝ շրջակա համայնքներով, ապա Ստեփանավան-Տաշիր ուղղությունը։
Ըստ փորձագետների՝ Թումանյանի տարածաշրջանն ունի զբոսաշրջային լուրջ ենթակառուցվածքներ, անհրաժեշտ է միայն ճիշտ բրենդավորել և առաջխաղացման միջոցառումներ ձեռնարկել։ Մասնագետները վստահ են, որ Թումանյանը հնարավորություններ ունի որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության կենտրոն ներկայանալու և կարող է նոր ու կայուն զբոսաշրջիկների հոսք բերել։
«Մեր խնդիրն է մարզը դարձնել զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ։ Վերջին տարիներին իրականացվել են համայնքային ենթակառուցվածքների, ճանապարհների բարեկարգման աշխատանքներ, հուշարձանների պահպանման, այգիների կառուցման և այլն, որոնք կնպաստեն տուրիզմի զարգացմանը մեր մարզում։
Տեղական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ բազմաբնույթ ներդրումներ են իրականացվել մարզում։ 2021թ․ Լոռու մարզում ներդումների քանակը կազմել է 800 միլիոն դրամ։ Մենք բաց ենք համագործակցության համար, և ողջունում ենք Եվրոպական միության հերթական հաջողված ծրագրի իրականացումը մեր մարզում»,- ասել է Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։
Առաջարկի հիման վրա մարզը կկազմի զբոսաշրջության զարգացման ռազմավարական պլան և գործողությունների ծրագիր։