Տոհմային երինջներ Հայաստան ոչ միայն ներկրում, այլև արդեն տեղում են բազմացնում: Անցած տարիների պետական օժանդակության ծրագրերի արդյունքում տոհմային ֆերմաները պատրաստ են անասնապահներին մատակարարելու բարձր արտադրողականությամբ կաթնատու և մսատու կենդանիներ:
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - 2021 թվականի ընթացքում տնտեսվարողների կողմից ձեռք է բերվել շուրջ 750 գլուխ մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանի, և նրանցից շուրջ 18 տոկոսը ձեռք է բերել Հայաստանում աճեցված տոհմային կենդանիներ:
Զարգացման միտումը հաշվի առնելով՝ Կառավարությունն անցած շաբաթ հաստատեց բարելավված պայմաններով անասնաբուծությանն ուղղված պետական աջակցության ծրագիրը: Նրանք, ովքեր կցանկանան ձեռք բերել տեղում ստացված տոհմային կենդանիներ, կվարկավորվեն բավականին ցածր տոկոսադրույքով: Տոհմային երինջ գնելու համար Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորելու 14 տոկոսանոց վարկի 12 տոկոսը, զուգահեռ կշարունակի սուբսիդավորել նաև ներկրվող կենդանիների համար տրամադրվող վարկերը:
Տիգրան Գաբրիելյան - Այն տնտեսվարողները ովքեր կցանկանան տեղում աճեցված տոհմային կենդանիներ ձեռք բերել, նրանց արտոնյալ վարկեր կդրամադրվեն 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ այն տնտեսվարողները, որոնք կցանկանան արտերկրից ներկրել կենդանիները, նրանց վարկը կտրամադրվի 3 տոկոս տոկոսադրույքով:
Խելացի անասնաշենք կառուցողների համար անցած տարիների ծրագիրը ևս կշարունակի գործել: Նոր տիպի անասնաշենք կառուցողների համար գործող ծախսերի 50 տոկոս փախհատուցման մեխանիզմին հիմա ավելացել է ցածր տոկոսադրույքով վարկավորման տարբերակը:
Տիգրան Գաբրիելյան - Վարկերը հասանելի կլինեն 2 տոկոս տոկոսադրույքով և 5 տարի ժամանակով:
2021-ին կառուցված 44 անասնաշենքի ծախսի 50 տոկոս փոխհատուցման գումարը ֆերմերներն արդեն ստացել են: Ի դեպ, բարեփոխված ծրագրերն ունեն ևս մեկ առավելություն՝ 6-ամսյա արտոնյալ ժամկետ: