2018 թվականին Երևանի մշակույթի պետական քոլեջը դիմել էր «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքի անդամներին` քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Տևական գործընթացի արդյունքում անվանափոխության մասին որոշումն ընդունվեց ՀՀ Կառավարության կողմից:
Քոլեջի զարգացման և արդիականացման նպատակով կնքվել է նաև հուշագիր ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «Ազնավուր» հիմնադրամի միջև: Քոլեջի ղեկավարությունը հավատացած է, որ այսուհետ քոլեջը միայն վերելք է ապրելու ոչ միայն գիտական, կրթական, այլև մշակութային ու ստեղծագործական ոլորտում:
«Որպես այս ուսումնական հաստատության ղեկավար՝ իմ գործունեությամբ հնարավորինս կնպաստեմ, որ ուսումնական հաստատությունն ունենա առաջընթաց և ավելի ներկայանալի դառնա։ Բնականաբար, շատ անելիքներ ունենք, որոնք մենք բազմիցս քննարկել ենք և՛ նախարարության, և՛ հիմնադրամի հետ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել։ Միայն կարող եմ ասել՝ այդ անելիքների կծիկն արդեն մեր ձեռքին է, որի թելի ծայրից բռնել ենք միասին։ Ոգևորիչ է այն փաստը, որ «Ազնավուր» հիմնադրամն իր ողջ ներուժով և հնարավորություններով պատրաստակամ է աջակից լինելու այս ուսումնական հաստատության վերակազմակերպման և նոր ակադեմիական հարթակ ստեղծելու գործին։ Շնորհավորում եմ բոլորին»,- նշել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։
«Շառլ Ազնավուրի կյանքն ու կարիերան բազում երիտասարդների են ոգեշնչել ողջ աշխարհում: Նրա անցած ուղին բարդ էր և լի փորձություններով, որոնք նա կարողացավ հաղթահարել իր աշխատասիրության շնորհիվ: Մենք լիահույս ենք, որ Շառլ Ազնավուրի անունը կրող քոլեջում իրենց մասնագիտական ուղին կսկսեն ապագա աշխարհահռչակ արտիստներ, ռեժիսորներ, դերասաններ: Շնորհավորում ենք բոլորիս այս անվանակոչության առթիվ և մաղթում քոլեջին բարգավաճում»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: