2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված 50.000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են ինչպես առձեռն, այնպես էլ առցանց եղանակով։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Միասնական սոցիալական ծառայության կայքէջում էլեկտրոնային դիմում ներկայացնելու նպատակով՝ անհրաժեշտ է մուտք գործել www.socservice.am կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն․ առցանց դիմումներ» պատուհանը, ապա «Մուտքագրել 3-րդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության դիմում» ենթաբաժինը։ Բացվող պատուհանում անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթում առկա համապատասխան տվյալները։
Դիմել հնարավոր է նաև առձեռն՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Հիշեցնենք, որ 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50.000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Դրամական աջակցությունը նշանակվում է, եթե՝
-
աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է.
-
դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.
-
դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։