ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են գողության, ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքերի մի շարք հանագամանքներ:
Քաղաքացին 2022 թ. հունվարի 7-ին ոստիկանության համապատասխան բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Վ.Ձորակ փողոցի իր տան դուռը կոտրելու միջոցով գողացել են մետաղյա չհրկիզվող պահարան, որում եղել է գումար, «ՄՈ-43» որսորդական ողորկափող հրացան, փաստաթղթեր և ոսկյա զարդեր՝ իրեն պատճառելով` 3.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1․1-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզի՝ 1992 և 1973 թթ. ծնված երկու բնակիչներ։
Վերջիններիս բնակարաններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ 485 և 325 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով 2022 թ. հունվարի 27-ին հարուցվել են քրեական գործեր: Որոշում է կայացվել նշված քրեական գործերը գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով, 238-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Մյուս անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, և որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրվել է գրավը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: