«ՀայՓոստը» ոչ միայն փոստ, այլև դեղատուն: Ընկերության 0019 փոստային բաժանմունքում բացվել է «ՀայՓոստ մեդ» դեղատնային ցանցի առաջին դեղատունը: Ընկերությունն արդեն գործարկել է դեպի մարզեր դեղերի առաքման ծառայությունը: Դեղը կառաքեն նույնիսկ ամենահեռավոր բնակավայր:
Նազելի Նահապետյան («ՀայՓոստ մեդ» դեղատան աշխատող) - Կարող եք զանգ կատարել մեր առաքման հեռախոսահամարով՝ 010 30 30 30, և ցանկացած դեղորայք կառաքենք ձեր տուն կամ ձեր մոտակա փոստային բաժանմունք:
«ՀայՓոստը» փորձում է ստեղծել ծառայությունների էկոհամակարգ, որի բաղկացուցիչներից մեկն էլ լինելու է «ՀայՓոստ Մեդ» դեղատնային ցանցը:
Ցոլակ Հովհաննիսյան («ՀայՓոստի» կոմերցիոն տնօրեն) - Համագործակցում ենք դեղորայք ներմուծող Հայաստանի խոշոր կազմակերպությունների հետ և աշխատում ենք կատարել առավելագույնը, որպեսզի մեր դեղորայքը լինի որակով և մատչելի:
Երևանում կբացվի 10 «ՀայՓոստ մեդ» դեղատուն: Որպեսզի պատվիրատուն դեղին երկար չսպասի, առաքումները կիրականացնեն 30 էլեկտրամոտոցիկլետով՝ 15 րոպեի ընթացքում:
Հայկ Կարապետյան («ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն) - «ՀայՓոստը» միայն փոստ չէ: «Հայփոստը» նոր կառուցվող էկոհամակարգ է, և այսօր էկոհամակարգում ավելանում է նաև «ՀայՓոստ մեդը»՝ «ՀայՓոստ մեդի» դեղատունը: Այսօր մենք բացում ենք «ՀայՓոստ մեդի» առաջին դեղատունը, որը գտնվում է 19-րդ փոստային բաժանմունքում և առաջիկայում՝ մյուս շաբաթ կամ երկու շաբաթից, արդեն կբացենք 028 բաժանմունքում երկրորդ դեղատունը:
Դեպի մարզեր դեղերի առաքման փորձը ցույց է տալիս, որ ծառայությունը պահանջարկ ունի՝ ասում է ընկերության գլխավոր գործադիր տնօրենը: Սա աշխարհում նորույթ չէ, փոստը միայն նամակներ առաքելով չի կարող զբաղվել՝ ասում է Հայկ Կարապետյանն ու հավելում՝ տարածաշրջանում «ՀայՓոստն» առաջինն է կիրառում դեղատնային ցանցի ու դեղերի առաքման ծառայությունը: