Արցախի փողոցում փետրվարի 2-ին այրված բենզալցակայանը գործելու թույլտվություն չի ունեցել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝ անգամ տեղյակ չեն եղել դրա գոյության մասին:
Մարտին Ասլանյան, ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատրիայի պետ - Երևի նոր են կառուցել, չգիտեմ, պատկերացում չունենք:
Որպեսզի բենզալցակայանն ստանա գործելու թույլտվություն, այն պետք է գրանցված լինի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում: Մարտին Ասլանյանն ընդգծում է՝ այդ լցակայանում իրականացված փորձաքննության մասին որևէ փաստաթուղթ չկա:
Մարտին Ասլանյան - Մենք իրականացնում ենք տեխնիկական անվտանգության փորձաքննություն, ստուգում ենք ամբողջովին անվտանգության համակարգը, տալիս ենք դրական կամ բացասական եզրակացություն, որի հիման վրա գրանցվում է Արտակարգ իրավիճակների նախարարության արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում:
Հրդեհի հետևանքով այրվել էր ոչ միայն բենզալցակայանը, այլև դրա դիմաց կանգնած բենզատարը: Լցակայանի աշխատակիցն ստացել էր դեմքի և վերին վերջույթների տարբեր աստիճանի այրվածքներ: Դեպքի հետաքննությունն իրականացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Սերգեյ Հայրապետյան, ՀՀ ԱԻՆ ՀՏԱՀՎ գլխավոր հետաքննիչ - Հավանական վարկած է, որ հրդեհն առաջացել է կա՛մ ավտոմեքենայի մասում, կա՛մ, որ ավելի հավանական է, բենզալցման տնակից, որտեղ լիցքավորողն է տեղայակվում:
Հետաքննությունը կտևի առնվազն 10 օր, ինչից հետո դրա արդյունքի մասին կզեկուցեն իրավապահներին:
Սերգեյ Հայրապետյան - Հիմա էլ մեր հետաքննիչներն աշխատում են ականատեսների հետ: Նույնիսկ ասացին, որ ինչ-որ նոր տեսագրություններ են ի հայտ եկել:
Մասնագետները նշում են՝ հնարավոր է՝ նորմայի սահմանում չի եղել նաև բենզալցակայանի և այլ շինությունների հեռավորությունը: Անհրաժեշտ միջտարածքային հեռավորությունը սահմանված է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի բենզալցակայանների համար նախատեսված ստուգաթերթում: Ըստ դրա՝ գործունեությունը թույլատրվում է, եթե հեղուկ վառելիքի ստորգետնյա տարողություններով բենզալցակայանների հեռավորությունն այլ հասարակական կառույցներից 50, որոշ դեպքերում՝ 25 մետր և ավելի է:
Պահպանվում են այս նորմերը, թե ոչ, տեսչական մարմինից հայտնեցին, որ այս պահին ուսումնասիրում են, աշխատանքային խումբ է ստեղծված:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան