ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ փետրվարի 4-ին մահացել է Արթուր Գրիգորյանը:
Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ. հուլիսի 31-ին Երևանում:
1975-79 թթ. սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1992 թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994 թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:
1994 թ. հիմնադրել է Հայաստանի երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր:
Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ:
1996 թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005 թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008 թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: 2003 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011 թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: