Թռչնամիս, մասնավորապես հավի միս մեր երկրում սկսել են ավելի շատ արտադրել, սակայն ներմուծումը շարունակում է զգալիորեն գերազանցել տեղական արտադրությանը: 2020 թվականին Հայաստանում սպառվել է ավելի քան 42 հազար տոննա հավի միս, որից միայն 13000 տոննան է տեղում արտադրվել: Ի՞նչն է խոչընդոտում տեղական արտադրությունը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է ամբողջ շղթան՝ ներմուծումից մինչև տեղական արտադրություն: Հանձնաժողովի նախագահն է տեղական արտադրողներին ներկայացնում թռչնամսի շուկայի համաշխարհային միտումները:
Գեղամ Գևորգյան (Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ) - Թռչնամսի շուկայում արտադրության ծավալները շատանում են, բայց սպառումը է՛լ ավելի արագ տեմպերով է ավելանում:
Ինչ անել, որ համաշխարհային միտումներից հետ չմնանք, հավի միսն էլ հիմնականում մերը սպառենք: Հումքի ներկրման, սննդամթերքի անվտանգության և ստանդարտների պահպանման, մայրական կազմի համալրման խնդիրներ՝ բարձրաձայնում են տեղական արտադրողները: Թռչնաբույծների միության նախագահի խոսքով՝ հայ արտադրողները որքան էլ փորձեն ներմուծվածից ավելի էժան թռչնամիս արտադրել, ինքնարժեքը միշտ թանկ է ստացվում՝ 1 կգ-ի հաշվարկով մոտ 150 դրամ:
Սերգեյ Ստեփանյան (Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ) - Գազը ծախսում ենք 3.5 անգամ ավելի, քան Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, մեր արտադրանքի ինքնարժեքի 60 տոկոսը կազմում են համակցված կերերը, որոնք գերակշռող մասով ձեռք է բերվում Ռուսաստանից և Ուկրաինայից:
Եթե նախկինում մեր երկիր թռչնամիս ներկրվում էր հիմնականում Միացյալ Նահանգներից և Բրազիլիայից, ապա այժմ նաև՝ Ուկրաինայից:
Աննա Պետրոսյան (ՄՊՀ շուկաների վերլուծության և մեթոդաբանության վարչության պետի պաշտոնակատար) - Ներմուծման 31 տոկոսը հիմնականում պայմանավորված է ԵԱՏՄ երկրներում ազատ առևտրի պայմանագրի շրջանակներում Ուկրաինայի հետ 0 տոկոս մաքսատուրքով:
Թռչնաբույծների միության նախագահի խոսքով՝ մրցակցային անհավասար պայմանները, մասնավորապես, Ուկրաինայից ներկրվող էժան թռչնամիսն էլ հենց խոչընդոտում են տեղական արտադրությունը:
Սերգեյ Ստեփանյան - Դու տալիս ես հնարավորություն՝ դրսից ներկրողները բերեն ավելի էժան, մուտք անեն Հայաստան, քան տեղի արտադրողները: Դա յուրահատուկ դեմպինգ էր:
Սառեցված թռչնամիսը նաև սառցաջուր է պարունակում, որին սպառողն ուշադրություն չի դարձնում: Թռչնաբույծների միության նախագահն իրատեսական չի համարում կարճ ժամկետում թռչնամսի պահանջարկն ամբողջությամբ տեղականով բավարարելը: Յուրաքանչյուր լրացուցիչ 5 հազար տոննա փակ ցիկլով թռչնամիս արտադրելու համար հարկավոր են 16 և ավելի մլն եվրոյի ներդրումներ, ինչը ենթադրում է մայրական հոտի ապահովում, ճտերի բազմացում, կերի համալիր արտադրություն: Ի դեպ, այսօր մայրական կազմ ունեն միայն երկու-երեք թռչնաֆաբրիկաներ:
Գեղամ Գևորգյան - Մեր ամենախոշոր խաղացողի ծավալը էականորեն զիջում է ամենախոշոր ներմուծողի ծավալներին:
Ինչպես օգնել տեղական արտադրողներին՝ քննարկվում են մի քանի տարբերակներ՝ նշում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը:
Գեղամ Գևորգյան - Մի տարբերակ կա՝ խոշոր ներդումային ծրագրերը ֆինանսավորենք, երկրորդ տարբերակը՝ Կառավարության ունեցած լիզինգի ծրագրերում մասշտաբներն ավելացնենք:
Ի դեպ, այս տարի Հայաստան ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտա կկիրառվի: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ՝ թռչնամսի համար տրված 44 հազար տոննայից դեռևս կիրականացվի 30 հազար տոննա սակագնային քվոտայի բաշխում: Սահմանվել է 25% մաքսատուրք` 80-ի փոխարեն։
Գեղամ Գևորգյան - Քվոտաներն այս տարի կբաշխվեն հետևյալ կերպ՝ 50 տոկոս՝ ավանդական ներմուծողներին, 50 տոկոս՝ արտադրողներին:
Սակագնային քվոտան կկիրառվի մեկ տարի ժամկետով։ Իսկ թռչնամսի ներմուծման լիցենզիա կտրամադրի էկոնոմիկայի նախարարությունը։
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան