ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հրապարակել մարդկանց վրա հարձակման կեղծ կադրեր, որոնք կարող են օգտագործվել որպես պատրվակ՝ Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ենթադրել է. «Տեսահոլովակում կներկայացվեն դիակներ և սգացող մարդկանց ներկայացնող դերասաններ, ինչպես նաև կադրեր ավերված օբյեկտներից»:
Քիրբիի խոսքով՝ նման «կեղծ հարձակումը» կարող է «կատարվել» կա՛մ Ռուսաստանի տարածքում, կա՛մ ուղղված լինել Ուկրաինայի արևելքում ռուսախոսների դեմ։ Ըստ ԱՄՆ-ի՝ տեսանյութում կարող է ցուցադրվել նաև ուկրաինական կամ Ուկրաինային Արևմուտքի մատակարարած ռազմական զինտեխնիկան:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ հայտարարությունն անվանել է «զառանցանք, որն ամեն օր ավելի ու ավելի է խորանում»։
Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան և իրավապաշտպան Քրեյգ Մյուրեյը անհեթեթություն է համարել Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի մտադրության մասին Արևմուտքում շրջանառվող տեղեկությունը։
Բրիտանացի դիվանագետը հորդորել է ընթերցողներին մեկուսանալ տեղեկատվական աղբից՝ «աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ավելի անաչառ ընկալելու համար»:
Թվիթերի իր էջում նա գրել է.«Հիշե՛ք իմ խոսքերը՝ Պուտինը չի հարձակվի Ուկրաինայի վրա»:
Ենթադրյալ տեսանյութի համար ԱՄՆ-ին խիստ քննադատել են նաև ֆրանսիական Le Figaro թերթի ընթերցողները՝ այն համարելով շատ զավեշտալի: