Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգության համագործակցության կենտրոն (ՆԱՏՕ-ի կիբեռկենտրոն)։ Այդ մասին այսօր հայտնել է ուկրաինական Европейская правда պարբերականը։
Ուկրաինայի դիմումի հաստատման ընթացակարգը սկսվել էր հոկտեմբերին, և հաջողության դեպքում Ուկրաինան կարող էր ՆԱՏՕ-ի կիբեռկենտրոնի անդամ դառնալ 2022 թվականի հունվարի 1-ից։
ՆԱՏՕ-ի Կիբեռկենտրոնի խորհուրդը նոր անդամ երկրների մուտքի մասին որոշումը կայացնում է տարին երկու անգամ։ Ուստի Ուկրաինայի միացումն այս կառույցին, եթե անգամ Հունգարիան հետ վերցնի առարկությունները, կարող է տեղի ունենալ միայն 2022 թվականի երկրորդ կեսից։
Ինչպես հաղորդում է EADaily-ն, հունվարի վերջին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն նշել է, որ Բուդապեշտը գոհ չէ Ուկրաինայում էթնիկ հունգարացիների իրավունքների հետ կապված իրավիճակից։ Ըստ Հունգարիայի՝ Ուկրաինան պետք է մի շարք էական փոփոխություններ կատարի, եթե ցանկանում է լրջորեն մտածել եվրատլանտյան ինտեգրման մասին։