Հետազոտողների և տնտեսագետների անկախ խումբը, որն աշխատում է տնտեսական ցուցանիշների քարտեզագրման հիմնական տվյալների ուղղությամբ, ասել է, որ հունվարին Թուրքիայի գնաճի մակարդակը հաշվարկել է 114,87 տոկոս, ինչը շատ ավելի բարձր է, քան պաշտոնապես հայտարարված ցուցանիշը, հաղորդում է turkishminute.com-ը:
Գնաճի հետազոտական խմբի (ENAG) տվյալներով՝ երկրում ամսական սպառողական գներն աճել են 15,52 տոկոսով, իսկ տարեկան գնաճը հունվարին աճել է մինչև 114,87 տոկոս։
Գնաճի մասին ENAG-ի տվյալների հրապարակումից հետո Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TurkStat) նույնպես պաշտոնապես հայտարարել է երկրի սպառողական գների թվերը:
Ըստ TurkStat-ի՝ Թուրքիայի տարեկան գնաճը հունվարին հասել է մինչև 48,69 տոկոսի, ինչը երկրի ամենաբարձր ցուցանիշն է 2002 թվականին նախագահ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ իշխանության գալուց հետո: Իսկ գնաճն ու գործազրկության մակարդակը վատթարացել են 2018 թվականից, երբ երկրի խորհրդարանական համակարգը փոխվեց նախագահականի:
ENAG-ը հայտարարել է, որ դեկտեմբերին Թուրքիայի գնաճի մակարդակը նույնպես շատ ավելի բարձր է եղել, քան պաշտոնապես հայտարարված ցուցանիշը: Ըստ խմբի հաշվարկի՝ այն կազմել է 82,81 տոկոս, այլ ոչ թե 36,08 տոկոս, ինչպես հայտարարել էր TurkStat-ը:
Այդ թվերը մի շարք տոկոսադրույքների ոչ ստանդարտ կրճատման և անցյալ տարվա վերջին ազգային արժույթի՝ լիրայի անկման արդյունք են, հայտնել է Reuters-ը:
Անցյալ տարի թուրքական լիրան դոլարի նկատմամբ կորցրեց իր արժեքի 44 տոկոսը, իսկ կորուստներն արագացել են 2021 թվականի վերջին, երբ Էրդողանը կտրուկ նվազեցրեց տոկոսադրույքները:
Դոլարի փոխարժեքը հասել է պատմական առավելագույնին` գրեթե 18,4 լիրայի, երբ Թուրքիայի նախագահը դեկտեմբերի վերջին հայտարարել է արժույթի աջակցության նոր միջոցների մասին։ Էրդողանը խոստացել է զսպել գնաճը, որը նվազեցնում է թուրքերի գնողունակությունը, մինչդեռ տնտեսագետները կասկածում են, թե նրա խոստումը կիրականանա: