Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ փետրվարի 4-ին տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությանը։
Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկու պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդման հարցում։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու հնարավորությունների վերաբերյալ՝ այդ թվում երկու պետությունների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեության շրջանակներում։