Ռոտերդամի իշխանությունները հաստատել են, որ ստիպված են լինելու ժամանակավորապես ապամոնտաժել քաղաքի պատմական կամուրջներից մեկը, որպեսզի դրա տակով անցնի Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նորակառույց շքեղ զբոսանավը։
Նավի բարձրությունը (առանց կայմերի) 40 մետր է, երկարությունը՝ 127: Այն կառուցող հոլանդական ընկերությունը պետք է վճարի կամրջի ապամոնտաժման ու հետագա վերականգնման համար:
Ռոտերդամի քաղաքապետարանից Agence France-Presse-ին հայտնել են, որ նոր զբոսանավը ջրային բաց տարածք թողնելու այլ տարբերակ չկա: «Սա դեպի ծով տանող միակ ճանապարհն է»,- ասել է պաշտոնյան։
Տեղական իշխանության խոսնակը պարզաբանել է, որ այս նախագիծը շատ կարևոր է քաղաքի տնտեսության համար, և զբոսանավի կառուցումն այլ տեղ հնարավոր չէ ավարտել։
Նախկին երկաթուղային կամուրջը, որը հայտնի է որպես Դե Հեֆ, կառուցվել է 19-րդ դարում և վնասվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների ռմբակոծությունից: 2014-ից մինչև 2017 թվականը կամուրջը վերականգնողական փուլում էր, որից հետո իշխանությունները հայտարարեցին, որ այն ունի ազգային հուշարձանի կարգավիճակ և խոստացան այլևս չապամոնտաժել։