2022 թվականին Արցախ կվերադառնա մոտ 7 հազար տեղահանված քաղաքացի. Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կանխատեսումներն են: Նախորդ տարի հայրենիք է վերադարձել 16 հազար անձ: Նրանց մի մասի բնակարանի վարձավճարը տրամադրում է Արցախի կառավարությունը:
Հայկ Խանումյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Կնքվել է 2812 վարձակալության պայմանագիր Ստեփանակերտում և 712-ը՝ շրջաններում, ինչպես նաև 2 հազար մարդ օգտվում է հյուրանոցային ծառայություններից:
Հայրենադարձներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ քայլեր արվում են. արհեստավորներին տրամադրվում է փոքր դրամաշնորհ՝ գործիք և սարքավորում ձեռք բերելու համար: Ավելի մեծ թվով քաղաքացիներ և, հատկապես, կանայք, կաշխատեն գործարաններում:
Հայկ Խանումյան - Այս պահին Մարտունու շրջանում տարբեր նախաձեռնություններով փորձում ենք գյուղական համայնքներում արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծել, հիմնականում՝ տեքստիլ և վերամշակող, այս խնդիրը նույնպես լուծելու համար:
2021-ին Արցախի կառավարությունը սուբսիդավորել է բնակիչների սպառած գազի և էլեկտրաէներգիայի ծախսի մի մասը: 2022-ին այդ գումարները հիմնականում կուղղվեն զարգացման ծրագրերին:
Հայկ Խանումյան - Չգազիֆիկացված համայնքներում արևային ջրատաքացուցիչներ ծրագիր կիրականացնենք, որի 50 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, և 50 տոկոսը վարկային միջոցներ կլինեն:
Անդրադառնալով իր հրաժարականի պահանջով հադրութցիների ակցիային՝ Հայկ Խանումյանը նշեց՝ իր կարծիքով նրանց վրդովեցրել է այն դիրքորոշումը, որ միջազգային կազմակերպությունները պետք է տեղահանված արցախցիներին աջակցեն ոչ թե Երևանում տնավորվելու, այլ Արցախ վերադառնալու հարցում:
Հայկ Խանումյան - Այդ տղան եկել է ինձ մոտ, ասում է՝ վախենում եմ գալ, իմ երեխան վախենում է, ինձ փող տվեք, ես Երևանում ապրեմ: Ասացի՝ չէ՛, ընկե՛ր: Իմ երեխան օրվա մեծ մասը լինում է տատիկի տանը, որը թշնամուց հրազենային զենքի հեռավորության վրա է: Եթե իմ երեխան մնում է, քոնն էլ պիտի մնա:
2022-ի համար Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 20 միլիարդ դրամի ծրագիր է ներկայացրել կառավարությանը: