«Օմիկրոն» շտամով պայմանավորված՝ փետրվարի 2-ի դրությամբ աշխարհում արձանագրվել է հիվանդության 382 միլիոն 300 հազար դեպք, օրական հաստատված դեպքերը հատում են 3 միլիոնի շեմը: Վերջին շաբաթում վարակը առավել տարածվել է ԱՄՆ-ում, Իրանում, Հնդկաստանում, Բրազիլիայում, ՌԴ-ում, Ֆրանսիայում: «Օմիկրոնի տարածումը կտրուկ փոխել է նաև Հայաստանի կորոնապատկերը, ինչը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության համար անսպասելի չէր:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հունվարին, երբ մեր օրական դեպքերի թիվը փոքր էր, մենք ասում էինք, որ փետրվարին մենք ունենալու ենք նոր ծավալ, դե, դա կապված է «Օմիկրոնի» հետ: Այսօր մենք 4388 դեպք ենք ունեցել, և ուզում եմ ընդգծել, որ այս պահին ունենք հոսպիտալացված 1543 քաղաքացի, և պիտի ընդգծեմ, որ հոսպիտալացված քաղաքացիներից 256-ը կամ 16.6 տոկոսն են, որ պատվաստված են:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ վարակակիրների 4 տոկոսն ունի հոսպիտալացման կարիք: Համակարգը կրկին լարված է աշխատում։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ռեանիմատոլոգի խոսքով՝ նոր շտամը չի շրջանցում նաև պատվաստվածներին, բայց բուժումը մեծ մասամբ ծանր ընթացք է ստանում չպատվաստված քաղաքացիների դեպքում:
Կարեն Տոնոյան («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ռեանիմատոլոգ) - Վերակենդանացման բաժանմունքում չպատվաստվածները մեծ տոկոս են կազմում, վիրուսը շատ ավելի ուշ ա դուրս գալիս օրգանիզմից:
Վերջին 14 օրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ 100 հազար բնակչի հաշվով նոր դեպքերի աճը կազմում է 658 տոկոս, վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1.6 տոկոս է, մինչդեռ 2 շաբաթ առաջ 1.2 էր: Եվ ըստ Եվրամիության չափորոշիչների՝ Հայաստանը կրկին գտնվում է վառվող կարմիր գոտում:
Ռոմելլա Աբովյան (ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - «Օմիկրոնի» ժամանակ ավելացել են կրկնավարակման դեպքերը: Այսօր անցել են 9000-ի շեմը, ընդ որում՝ եթե նախորդ շտամի դեպքում օրական 30-70 կրկնավարակ էինք արձանագրում, այսօր արդեն 150-200 է:
Հայաստանում «Օմիկրոնը» տարածում է գտել հատկապես մայրաքաղաքում, բայց ակտիվություն նկատվում է նաև Տավուշի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի մարզերում: Ռոմելլա Աբովյանը նշում է՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, եթե հակահամաճարակային կանոնները չպահվեն կամ թուլանան, առաջիկա 7 օրերին պատկերը կտրուկ փոխվելու է: Վերջին օրերին գրանցվող միջինում 3000 դեպքի փոխարեն կլինի 7000 նոր դեպք:
Ռոմելլա Աբովյան - Մոտակա 7 օրերին 52910 նոր դեպք կարող ենք ունենալ մեկ շաբաթվա կտրվածքով:
Բժիշկ Կարեն Տոնոյանի խոսքով՝ «Օմիկրոնի» դեպքում նվազել են շնչառական անբավարարության դեպքերը: Նախորդ շտամների համեմատ՝ «Օմիկրոնն» ավելի ծանր ընթացք է ստանում կողմնակի հիվանդություն ունեցող քաղաքացիների մոտ:
Կարեն Տոնոյան - Հատկապես երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների, արյան հետ խնդիրների, սրտային անբավարարություն, շաքար, որը բերում է հիվանդությունների սրման ու նաև, ցավոք, որոշ դեպքերում մահվան:
Գրիպոզ վիճակ, ցավ կոկորդում, հազ, մկանացավ, ջերմության բարձրացում, բայց ոչ բարձր՝ սրանք «Օմիկրոնի» հիմնական նշաններն են՝ նշում է ռեանիմատոլոգը ու հորդորում՝ կասկածների դեպքում թեստավորվել ու չշփոթել այլ վարակների հետ:
Կարեն Տոնոյան - 60 + ների մոտ է ծանր ընթացք ստանում ավելի:
Բոլոր երկրները, հիմնվելով ամերիկյան ՀՎԿԱԿ-ի առաջարկի վրա, ինքնամեկուսացման գործընթացում փոփոխություն են արել:
Ռոմելլա Աբովյան - Եթե անձը պատվաստված է, ապա ինքնամեկուսանում է 7 օր, եթե պատվաստված չէ՝ ինքնամեկուսանում է 10 օր:
Ի դեպ, չպատվաստված անձինք ևս կարող են կրճատել ինքնամեկուսացման ժամկետը: ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը նրանք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն, և եթե թեստի արդյունքը բացասական լինի, դուրս գալ ինքնամեկուսացումից: