Փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ատամնաբուժական կլինիկա տեղափոխված դատապարտյալ Կ. Շ.-ն ցանկացել է օգտվել կլինիկայի սանհանգույցից:
Քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացրել են զննություն, և աղբամանի միջից հայտնաբերել են փաթեթ ու 2 բջջային հեռախոս:
Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին:
Փաթեթում զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 29,8 գրամ քաշով և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,13 գրամ քաշով առանձնացված զանգվածներ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: