ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆԸ
65 պատգամավորի կողմից Վահագն Խաչատուրյանի առաջադրումը որոշակի վստահություն է ներշնչում, որ նա կընտրվի Հանրապետության նախագահի պաշտոնում: Կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետը՝ խոսելով մարտին խորհրդարանում սպասվող ընտրությունից: Մինչև այդ, սակայն, Խաչատուրյանը կշարունակի կատարել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները՝ նշեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ ) - Առաջադրման հարցում ՔՊ վարչության և խմբակցության միջև կա ներդաշնակություն, ինչը վստահություն է տալիս, որ առնվազն երկրորդ փուլում կունենանք Հանրապետության նախագահի ընտրություն, այսինքն՝ ընտրությունը կկայանա, և մենք կշարունակենք մեր գործունեությունն արդեն նոր կարգավիճակում, որից հետո Կառավարության կազմում նոր նախարար կնշանակվի:
Կարևորելով Սահմանադրությամբ ամրագրված իշխանության ճյուղերի բաժանման սկզբունքը՝ վարչապետը ընդգծեց՝ իշխանության թևերը ոչ թե մեկը մյուսին պետք է հակադրվեն, այլ՝ լրացնեն։
Նիկոլ Փաշինյան - Խնդիրը հետևյալն է, որ մենք ընդհանուր ուղենիշ ունենանք, ընդհանուր ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, որովհետև բոլոր դեպքերում հակադիր շարժումներն իշխանության ներսում աշխատանքի մեխանիզմ է խաթարում։ Էլի եմ ասում, սա չի նշանակում, որ բոլորը ամեն տեղ, ամեն ինչում ունեն նույն կարծիքը, ո՛չ, նշանակում է, որ քննարկումների արդյունքում կարողանում են գալ ընդհանուր եզրակացության և ընդհանուր կարծիքի:
Խաչատուրյանն էլ շնորհակալություն հայտնեց իշխող կուսակցությանը, ասաց՝ իր համար բարձր վստահություն է:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Համոզված եղեք, որ իմ թեկնածության հետ կապված այն, ինչ նախագծվել է, հետագայում կտա այն ծրագրերի իրագործման մեծ հնարավորությունը, որի մասին մենք ամեն օր խոսում ենք այստեղ:
2021-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 659471 ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Կառավարության նիստում քննարկվող հաջորդ թեման աշխատաշուկայում 2021-ին գրանցված ցուցանիշներն էին: Վիճակագրությունը վարչապետը ներկայացրեց:
Նիկոլ Փաշինյան - 2021-ի դեկտեմբերին 659471 աշխատատեղ է գրանցվել, ինչը կրկին բացարձակ ռեկորդ է Երրորդ հանրապետության պատմության ընթացքում:
Էականորեն աճել է նաև միջին աշխատավարձը՝ դեկտեմբերին կազմելով 277 հազար դրամ, սա 2018-ի նույն ամսվա համեմատ ավելի է 24 տոկոսով՝ ասաց Փաշինյանը: Վարչապետի գնահատմամբ, սակայն, բարձր գնաճի պատճառով այս ցուցանիշները չեն ավելացրել քաղաքացիների բարեկեցությունը: Թանկացումների պատճառները միջազգային շուկաներում է պետք փնտրել՝ նկատեց Կենտրոնական բանկի նախագահը: Գալստյանը հույս ունի՝ մինչև տարեվերջ գնաճը կմոտենա թիրախային կետին:
Մարտին Գալստյան (ԿԲ նախագահ) - Չնայած կարգավորվող գների, ջուր, գազ, լույս, մենք տարեվերջին կվերադառնանք կարգավորվող գնաճին, ու մեր գործողությունները դրան են ուղղված:
էկոնոմիկայի նախարարն էլ ԵԱՏՄ երկրների պատկերը ներկայացրեց: Ասաց՝ անդամ 5 պետության շարքում Հայաստանն ամենացածր՝ 7.7 տոկոս գնաճ ու ամենաբարձր՝ 5.8 տոկոս տնտեսական աճ գրանցած երկիրն է:
1,6 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ ԻՆԸ ՄԱՐԶԻ 46 ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
Անցնելով օրակագին՝ գործադիրը 1,6 մլրդ դրամ ուղղեց 9 մարզի 46 համայնքի սուբվենցիոն ծրագրերին: Համայնքային խնդիրների լուծման համար գումար հատկացնելիս պետությունը տարբերություն չի դնում՝ համայնքի ղեկավարն իշխանամե՞տ է, թե՞ ընդդիմադիր՝ թեմայի քննարկմանն ասաց վարչապետը, պարզաբանեց՝ երբեմն միտումներ է տեսնում՝ որոշ ղեկավարներ փորձում են ներկայացնել, որ սուբվենցիոն ծրագրերը ի հեճուկս Կառավարության են իրականացնում: Գնել Սանոսյանը միջամտեց, թվեր մեջբերեց:
Գնել Սանոսյան (տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ամենախոշոր 10 սուբվենցիոն ծրագիրը որ իրականացվել է, ՔՊ համայնքի ղեկավար չի ունեցել:
Տասնյակում ընդգրկված համայնքներից են Սիսիանը, Քաջարանը, Կապանը, Գյումրին, Ապարանը: Նախարարը հերթով թվում էր, երբ վարչապետն ընդհատեց, կատակով նկատեց.
Նիկոլ Փաշինյան - Ես ստեղ ներիշխանական դավադրություն եմ տեսնելու, ում ինչքան շատ ենք ֆինանսավորում, համայնքներն էնքան ակտիվ կառավարության հրաժարականն են պահանջում:
Վարչապետը հիշեցրեց՝ սուբվենցիոն ծրագրերից բացի, Սյունիքում անվտանգային հարցերով զբաղվող աշխատանքային խմբին 1.1 մլրդ դրամի հատկացում է արվել: Եվս 500 միլիոնի նախագիծն է հիմա շրջանառվում՝ լրացրեց նախարարը: Սանոսյանը տեղեկացրեց՝ Հյուսիս-հարավի կառուցման հարցում էլ արդեն կարող են նախաորակավորման մրցույթ հայտարարել:
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Ճանապարհներից բացի, Կառավարությունը, ըստ վարչապետի, քննարկում է նաև Երասխ - Ջուլֆա - Օրդուբադ - Մեղրի - Հորադիզ երկաթուղու նախագծման, կառուցման ու ֆինանսավորման հարցերը: Երեկ աշխատանքային այցով Երևանում էին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը:
Նիկոլ Փաշինյան - Քանի դեռ չի կառուցվել, գծի վրա չի դրվել, շուտ է ասել, բայց այն քաղաքական կամքը, որ արտահայտում ենք, ստանում է կոնկրետ դրսևորումներ:
Փոխվարչապետ Գրիգորյանն էլ տեղեկացրեց՝ երկաթգծի վերականգնման հարցում նաև ուղիղ աշխատելու են ռելսերը սպասարկող օպերատորի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, արդյունքում՝ արդյունավետությունը բարձր կլինի, կստանան նաև ծրագրի եկամտաբերության պատկերը:
Օրվա փաթեթներից մեկով էլ գործադիրն իր առաջարկությունը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ, ըստ որի ևս 7000 ուսանող կկարողանա օգտվել ուսման վարձի մինչև 20 տոկոս զեղչային համակարգից: