Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 3-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և ոստիկանության կոլեգիայի անդամների ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։
Հյուրերը ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։
Նույն օրը Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը եղել է ոստիկանության զորքերում։ Նրանց ներկայացվել են ոստիկանության զորքերի զորամասերի սպառազինությունը, հատուկ միջոցները, զրահատեխնիկան, ծառայողական տրանսպորտային միջոցները և այլն։
Ոստիկանության զորքերի ծառայողները հասարակական կարգի պահպանման ցուցադրական ելույթներ են ունեցել։
Հատուկ վաշտի ծառայողները ցուցադրել են մարտարվեստի հնարքներ, ինչպես և ահաբեկչական խմբի վնասազերծման գործողություններ։
Ոստիկանության զորքերի նվագախումբը հանդես է եկել ցուցադրական ելույթով։
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Հավերժության պուրակում, որտեղ տնկված են հանուն Հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառեր։