ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Սևանա լճի ավազանի հիդրոօդերևութաբանական պայմանները 2021 թվականի հունիսից 2022 թվականի հունվար ժամանակահատվածի համար:
«2021 թվականի հունիս ամսին Սևանա լճի ավազանի ողջ տարածքում դիտվել են խիստ չոր եղանակային պայմաններ, տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 2-20%-ը, իսկ Վարդենիսի հատվածում ողջ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 5-6 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։
Հուլիսին և օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը շարունակել է նորմայից բարձր մնալ 1-2 աստիճանով, տեղումների քանակը որոշակիորեն աճել է՝ հուլիսին կազմելով նորմայի 70-120%-ը, իսկ օգոստոսին՝ նորմայի 54-117%-ը։
Սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը հիմնականում նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով, հոկտեմբերին այն եղել է նորմայի սահմաններում։ Տեղումների քանակը երեք ամիսներին էլ Սևանի ավազանի գերակշռող մասում նորմայից ցածր է եղել՝ կազմելով նորմայի 50-80%-ը։
Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով, տեղումների քանակը կազմել է նորմայի 15-60 %-ը՝ բացառությամբ Սևանի հատվածի, որտեղ այն կազմել է նորմայի 140%-ը։
2022 թվականի հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը տատանվել է -5․․․-7 աստիճանի սահմաններում, որը կլիմայական նորմայի սահմաններում է։ Տեղումների քանակը Ճամբարակի և Շորժայի հատվածում կազմել է նորմայի 25-38%-ը, Մարտունու, Սեմյոնովկայի և Գավառի հատվածում՝ նորմայի 70-75%-ը, իսկ մնացած հատվածներում կազմել է նորմայի սահմաններում։
Նախորդ տարի հունվարին տեղումների քանակը գրեթե կրկնակի ավելի է եղել այս տարվա հունվարի տեղումներից (կազմել է նորմայի 110-180%-ը), որի արդյունքում լճի մակարդակը 2021 թվականի հունվարին մնացել է անփոփոխ, իսկ 2022 թվականին իջել է 4 սմ-ով։ Ընդհանուր առմամբ, եթե ամփոփենք վերջին 8 ամիսների տվյալները, ապա այդ ժամանակահատվածում Սևանի ավազանում դիտվել է բավականին չոր և նորմայից բարձր ջերմային ֆոնով եղանակակլիմայական պայմաններ։
Սևանա լճի մակարդակը 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1900.52 մ, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է եղել 9 սմ-ով։ 2021 թվականի ընթացքում լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.91 մ, որը դիտվել է հունիսի 4-8-ին։ Տարեվերջին՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, լճի մակարդակը կազմել է 1900.43 մ, որը հունվարի 1-ի մակարդակից ցածր է եղել 9 սմ-ով, իսկ տարեկան առավելագույն մակարդակից՝ 48 սմ-ով։
2021 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրապետությունում հաստատված անոմալ եղանակային պայմանները Սևանա լճի վրա ունեցել են բացասական ազդեցություն։ Մասնավորապես՝ հունիս ամսին, բարձր ջերմաստիճանով պայմանավորված, Սևանա լճի ջրային հաշվեկշռի ելքի բաղադրիչներից ամսական գոլորշիացումը գերազանցել է այդ ամսվա պատմական առավելագույնը՝ կազմելով 153.7 մլն խմ, որը համարժեք է լճի ջրի մակարդակի մոտ 12 սմ հաստությամբ շերտի, իսկ լճի մակերևույթին թափված տեղումները կազմել են 4.80 մլն խմ, որն այդ ամսվա պատմական նվազագույն արժեքից մոտ 4.3 անգամ փոքր է եղել, գետային ներհոսքը լիճ կազմել է ամսական նորմայի 44%-ը։
Բացի դա, նման եղանակային պայմաններում Սևանա լճից ջրառը նախատեսված ժամկետից ավելի վաղ է սկսվել, սովորաբար ջրառը լճից իրականացվում է հունիսի 2-րդ տասնօրյակից, իսկ 2021 թվականին սկսվել է մայիսի 25-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 28-ը։
Հունիս ամսին դիտված անոմալ եղանակային պայմաններով պայմանավորված՝ 2021 թվականի հունիսի 8-ից սկսած լճի մակարդակը ինտենսիվ կերպով իջել է, ընդ որում՝ հարկ է նշել, որ հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը միջինում բարձրանում է 8 սմ-ով, ապա 2021-ի հունիսին լճի մակարդակը իջել է 10 սմ-ով:
2021 թվականի հունիս-դեկտեմբեր ժամանակահատվածում գետերով Սևանա լիճ ներհոսքը կազմել է 237.5 մլն խմ, որը կազմում է նորմայի 72%-ը, լճի մակերևույթի վրա թափված տեղումների քանակը կազմել է 173.9 մլն խմ (նորմայի 62%-ը)։ Լճի մակերևույթից գոլորշացումը հունիս-դեկտեմբեր ժամանակահատվածում կազմել է 953.4 մլն խմ, որը կազմել է նորմայի 110%-ը:
Սևանա լճից բաց թողնված ջրի քանակը 2021 թվականի ընթացքում կազմել է 227.651 մլն խմ (25.05.2021-28.09.2021), իսկ Արփա-Սևան ջրատար թունելով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալը (այդ թվում՝ ստորերկրյա ներհոսքը) կազմել է 157.447 մլն խմ (31.12.2021 թ.)»,- ասված է հաղորդագրությունում: