Ստեփանակերտի Մարտունու 45 հասցեում ակտիվորեն շարունակվում են բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները։
Հաշվի առնելով, որ պատերազմի օրերին հրետակոծության հետևանքով տարածքում եղան բնակելի տների զգալի ավերածություններ, ելնելով ուսումնասիրությունների արդյունքներից, ծրագրվեց տեղում իրականացնել բազմաբնակարան նոր շենքի կառուցապատում, իսկ բնակարանները տրամադրել ոչ միայն այդ հասցեի, այլև հարևանությամբ առկա վթարային վիճակում գտնվող բնակելի տների բնակիչներին, ինչպես նաև տեղահանված քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Շենքը կունենա 6 հարկ՝ ընդհանուր 23 բնակարաններով։ Բնակարանները կլինեն 1, 2, 3 և 4 սենյականոց՝ համապատասխանաբար 2, 5, 13 և 3-ական քանակով։
Ներկայումս իրականացվում են հիմքերի կառուցման, մասնավորապես՝ հիմնային հեծանների բետոնալցման աշխատանքները։
Շենքի կառուցապատման աշխատանքներն իրականացվում են պետական միջոցներով, իսկ կապալառուն «Հաբանդ» ՍՊԸ-ն է։